ԿարևորՔաղաքական

66 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբառաջին ընթերցմամբ ընդունվեց Գովազդի մասին օրենքի նախագիծը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները փորձեցին կիրառել տարբեր ռազմավարություն` իրենց համար անցանկալի օրինագծերի քվեարկությունը տապալելու համար: Դա ուղղված էր «Հեռուստատեսության ու Ռադիոյի մասին» եւ «Գովազդի մասին» օրենքների փոփոխություններին: Հիշեցնենք, խոսքը երեկոյան 22.00-ից մինչեւ առավոտյան 6-ը հեռուստացույցով ոգելից խմիչքներ գովազդելու թույլտվության մասին է:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետո կանոնակարգով նախատեսված իրավունքից օգտվեց Դաշնակցություն խմբակցությունը` քվեարկությունից առաջ վերցնելով 20 րոպե ընդմիջում: Ընդմիջումից հետո ինչ որ չափով այս ռազմավարությունն աշխատեց, քանի որ դահլիճ վերադարձավ նախապես գրացվածից ավելի քիչ պատգամավոր: Քվեարկությունից առաջ ընդդիմադիրները կիրառեցին նաեւ իրենց, այսպես ասած, մեկ այլ «զենքը»: Ընդդիմադիր խմբակցություններով պայմանավորվել էին չքվեարկել`անհրաժեշտ 66 ձայն չապահովելու համար: Այն դեպքում, երբ ընդդիմադիրները ցուցադրաբար չքվեարկեցին, ԲՀԿ-ից Մուրադ Գուլոյանը կողմ քվեարկեց վիճահարույց նախագծի համար: Արդյունքում` հակառակ ընդդիմադիրների ջանքերի, 66 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Սա առաջացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ակնհայտ դժգոհությունը: Նա անընդհատ դահլիճում մոտենում էր ԲՀԿ-ից պատգամավորների եւ, ըստ ամենայնի` բացատրություն փորձում ստանալ:

Լեւոն Զուրաբյանի համար փոքր հարց էր նաեւ, թե ինչ պառակտում է մտել ՀԱԿ խմբակցության մեջ` հաշվի առնելով, որ նույն խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրականում, ըստ էության` իր անհամաձայնությունն է հայտնել ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը: Բուռն քվեարկություններից հետո խորհրդարանն անցավ բնականոն աշխատանքի եւ, օրինակ` քննարկեց «Դատական օրենսգրքում» ու կից փաթեթներում առաջարկվող փոփոխությունները:

Ընդունելով նախագծի որոշ լավ կողմերը Գագիկ Ջհանգիրայնն, այնուամենայնիվ, լուրջ ակնկալիքներ չունի առաջարկվող փոփոխություններից:

Պատգամավորների մի մասն էլ ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ Վճռաբեկ դատարանը Հայաստանում արդեն կրում է ձեւական բնույթ` նախ կամայականորեն է վարույթ ընդունում գործերը, իսկ քաղաքացիների համար դարձել է պարզապես մի ատյան, որը անպայման պետք է անցնեն Եվրոպական Դատարան հասնելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button