Մշակույթ

Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո Թբիլիսիում

Մարտի 11-ին Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, կայացել է նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո: «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով այս միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի կողմից և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի աջակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հուշ-երեկոյին մասնակցել են Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, վրաց հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է  եկել ՀՀ դեսպանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ընդամենը վերջերս՝ դեկտեմբերի 29-ին, լրացավ 20 տարին, ինչ Ֆրունզիկ Մկրտչյանը մեզ հետ չէ: Բայց մեծ տաղանդի և խաղացած փայլուն դերերի շնորհիվ նա միշտ կմնա մեր սրտերում: Ֆրունզիկն անկրկնելի Վախթանգ Կիկաբիձեի հետ միասին «Միմինո» ֆիլմում կարողացավ ցուցադրել հայ-վրացական ընկերության և բարեկամության էտալոնը: Այդ առումով Մհեր Մկրտչյանը լիարժեք կարող է համարվել Հայաստանի մշակութային, ավելին՝ ժողովրդական դեսպանը մեր բարեկամ Վրաստանում»:

Երեկոյի հյուրերին ողջունել է  նաև Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, ով խոսել է հայ-վրացական դարավոր եղբայրության և բարեկամության մասին՝ միաժամանակ հայտնելով իր ակնածանքը և սերը Մհեր Մկրտչյանի և նրա արվեստի հանդեպ:

Վրաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Երմուխամետ Երթսբաեվը հանդես  է եկել  գնահատանքի խոսքով. «Երբ մարդը հանճարեղ արտիստ է, նա ազգային պատկանելություն չունի: Ինչպես դերասանն էր ասում՝ կյանքում ամեն բան անցողիկ է, միայն արվեստն է, որ անմահ է»։

Ցուցադրել ավելի
Back to top button