Հասարակություն

Այս կիրակի Հայ Առաքելական եկեղեցին նշում է Անառակի Կիրակին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այս կիրակի` մարտի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Անառակի Կիրակին: Սբ. Սարգիս եկեղեցու արարողապետ Տեր Կարապետ քահանա Կարապետյանն այսօր ներկայացնելով Անառակ որդու առակը` ներկայացրել է նաև խորհուրդը: Քահանայի տեղեկացմամբ` Անառակ որդու առակը խորհրդանշում է զղջումով դեպի հայրական տուն վերադառնալը: Նշելով, որ ապաշխարհող մարդու համար երկնքի արքայության դռները երբեք չեն կարող փակ լինել`Տեր Կարապետ քահանա Կարապետյանը եկել է այն մտքին, որ այս առակը Ավետարան է Ավետարանի մեջ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապաշխարության և պահքի մի գեղեցիկ շրջան է սահմանել հավատացյալների համար, որի կիրակիներից յուրաքանչյուրն իր անվանումն ունի Աստվածաշնչի որևէ պատմությանը համապատասխան: Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի: Ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջեւ:

Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցվածքը: Այս դժվար դրության մեջ նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար և վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել: Հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել, քանի որ` ով մեռած էր, կենդանացավ: Ավագ, կրտսեր որդիներն արդար և մեղավոր հոգիներն են, և ինչպես հայրն է անառակ որդուն ընդունում, նույն կերպ էլ Աստված է իր գիրկն առնում զղջացող մեղավորին:

Առակը նաեւ հետեւյալ խրատն ունի, որ բացահայտվում է ավագ որդու կերպարում: Ովքեր կարծում են, թե արդար են, պետք է խուսափեն սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց: Անառակ որդու առակն, ըստ Սբ. Սարգիս եկեղեցու արարողապետ Տեր Կարապետ քահանա Կարապետյանի, ունի նաև հետևյալ խորհուրդը. «ապաշխարող մարդու համար երկնքի արքայության դռները միշտ բաց են»:

Տեր Կարապետ քահանա Կարապետյանի խոսքով` կրտսեր որդին խորհրդանշում է հեթանոս աշխարհը`մինչև Քրիստոսի գալը, իսկ ավագ որդին` հրեա ժողովուրդը, որը մշտապես փառաբանում էր Աստծուն, բայց այդպես էլ չընդունեց Քրիստոսին:

Այսպիսով` այս կիրակի Անառակի կիրակին է, որը մեզ համար ևս մեկ առիթ է մտածելու, որ լինելով մեղանչական ու հանցավոր, պետք է մտածենք մեր արածների մասին, կանգնենք Աստծո առաջ և խոստովանենք մեր մեղքերը` զղջալով ու ապաշխարելով:

Ցուցադրել ավելի
Back to top button