ԿարևորՔաղաքական

ԱԺ-կառավարություն հարցուպատասխան. Գովազդի օրենքից մինչեւ ուկրաինական զարգացումներ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/03/LUSINE-12-03.mp3

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանն օգտագործեց օրվա թեմայի հետ կապված պարզաբանում ստանալու համար: Խորհրդարանն այսօր, հիշեցնենք, առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» և «Հեռուսատատեսության ու ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթը, որի պատգամավոր հեղինակներն առաջարկում են գիշերային ժամերին թույլատրել ալկոհոլային թունդ խմիչքների հեռուսատատեսային գովազդը: Նախագծի հետ կառավարությունը օրինագծի ազդեցության գնահատական չի ներկայացրել՝ գործադիրին հիշեցրեց դաշնակցական պատգամավորը: Խոսքը օրինագծի առողջապահական, սոցիալական և այլ ազդեցությունների մասին է:

«Հարցը հետևյալն է. պատրաստվո՞ւմ է կառավարությունը հնգօրյա ժամկետում ազդեցության գնահատականը ներկայացնել Ազգային ժողով, ինչը օրենքի պահանջ է»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանի պատասխանը խիստ հակիրճ էր. «Տեղի է ունեցել վրիպակ, ազդեցություն գնահատակնները կներկայացվեն ԱԺ հնարավորինս շուտ»:

Նկատենք, որ կառավարությունը նախագծին ի սկզբանե բացասական եզրակացություն էր տվել, իսկ որոշ ժամանակ անց նշել էր, որ առարկություն չունի, թեև օրինագծում որևէ փոփոխություն չէր կատարվել:

Կառավարության ուշացրած պատասախանի մասին խոսեց նաև Արծվիկ Մինասյանը: Փետրվարի 7-ին մոտ մեկ տասնյակ պետական կառույցների հարցում է ուղարկել, արձագանքել են միայն երկուսը: Հարցը, որով դիմել էր, վերաբերում էր կուտակային կենսաթոշակների պարտադիր վճարումներին, ավելի ստույգ ՝ ՍԴ աշխատակարգային որոշման պրակտիկ կիրառմանը: Ըստ պատգամավորի՝ մի կողմից, ՍԴ-ն քաղաքացուն հնարավորություն է տվել չկատարել պարտադիր վճարումներ, մյուս կողմից՝ հարկային հաշվետվությունների էլեկտորնային համակարգը պարտադրում է կատարել այդ վճարումները:

«Քանի որ սա նաև ՍԴ-ում է ներկայացվելու, ուզում եմ պարզ պատասխանեք՝ հիմա ստացվում է, որ ՍԴ-ն անիմա՞ստ որոշում է ընդունել»:

Արտեմ Ասատրյանի պատասխանը նույնն էր. չվճարումների համար տուգանքներ չեն գանձվում, իսկ էլեկտորնային համակարգը փոխել, որ գործատուն չվճարելու հնարավորություն ունենա, կառավարությունը չի պատրաստվում:

«Էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը պարզ excel չի, տարիներով մշակված համակարգ է, որը բացառում է սխալները: Նման խելացի համակրգում փոփոխություն անելը մեկ օրվա գործ չի»:

Խաչատուր Քոքոբելյանի հարցերը երկուսն էին, իրարից խիստ տարբեր: Առաջին հարցը ուկրաինական զարգացումներին էր վերաբերում, երկրորդը՝ դպրոցներում ոստիկանի ինստիտուտի ներդրմանը: Պատասխանեց կրթության ու գիտության նախարարը՝ պարզաբանելով, թե ինչու ինքը մոտեցավ ամբիոնին:

«Երկու տարբեր հարցադրումներ հնչեցրեցիք, երկու տարբեր ոլորտներից: Մեր կողմից կարևորվեց կրթության ոլոտի հարցը ՝ որեպս այս պահին ավելի արդիական, այդ պատճառով ես մոտեցա ամբիոնին»:

Ինչ վերաբերում է պատասխանի բովանդակությանը, ապա Արմեն Աշոտյանը նշեց, որ դպրոցական ոստիականի ինստիտուտի ներդրումը պիլոտային ծրագիր է, այլ երկրներում փորձարկված, նպատակ ունի կանխել ավագ դպրոցներում միջանձնային հնարավոր հակասությունները և ուսումնասդաստրաիակչական նոր մեթոդների շրջանակում է:

Ինչ վերաբերում է ուկրաինական զարգացումների մասին հարցին, ապա Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվում էր, թե Ռուսաստանի հնարավոր ինքնամեկուսացումն ու տնտետսական խնդիրներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա: Հարցն այսօր անպատասխան մնաց:

Ցուցադրել ավելի
Back to top button