Հասարակություն

Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնը կաջակցի ՀՀ վերադարձած քաղաքացիներին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար ծրագրի շրջանակներում այսօր Հայաստանում բացվել է Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնը: Կենտրոնի նպատակը ՀՀ այն քաղաքացիներին աջակցելն է, որոնք 1 եւ ավելի տարի արտասահմանյան երկրներում գտնվելուց հետո վերադառնում են Հայաստան եւ վերաինտեգրման խնդիր ունեն:

Նորաստեղծ Վերաինտեգրման ուղղորդման կոնտրոնն աջակցելու է Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին, ովքեր մեկ տարուց ավելի ապրել են այլ երկրում եւ վերադառնալով Հայաստան աջակցության խնդիր ունեն: Հայաստանի Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով` ծառայությունից կարող են օգտվել Հայաստան վերադարձող քաղաքացիները` անկախ հարկադիր կամ կամավոր վերադարձի հանգամանքից.

«Վերադարձի գործընթացը դյուրին ընթացողներից չէ: Այն հաճախ ուղեկցվում է լուրջ սթրեսներով: Այս ամենով պայմանավորված վերադարձողներից շատերը ցանկանում են կրկին մեկնել Հայաստանից եւ այդ ցանկությունն այնքան մեծ է լինում, որ խտրականություն չի դրվում անգամ միջոցների ընտրության հարցում: Նման իրավիճակների առաջացումը կանխարգելելու համար, իրոք, խիստ կարեւոր է վերադարձից հետո նրանց կողքին գտնվելը, մեծ եւ փոքր հարցերում նրանց աջակցելը»:

Նոր ծառայությունը ստեղծվել է ԵՄ աջակցությամբ: Գագիկ Եգանյանը նկատեց, որ վերջին տարիներին միգրացիայի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդարձակ օրակարգ է ձեւավորվել` իրավապայմանագրային համապատասխան բազայով: Միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ԵՄ-ի հետ այսօր իրականացվում է 8 տարբեր ծրագիր` տեղեկացրեց Գագիկ Եգանյանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան էլ իր հերթին շեշտեց, որ այդ ծրագրերը ներդրվել են ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ օրինական միգրացիայի կազմակերպմանը սատարելու համար:

«ԵՄ-ն կարեւորում է Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման կատարելագործումը»` իր խոսքում նշեց ԵՄ դեսպանը: Նրա փոխանցմամբ` հենց այս նպատակով է նաեւ կարեւորվում վերաինտեգրման գործընթացի հեշտացումը, որին պիտի ծառայի նորաբաց Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնը: Կենտրոնում վերադարձողները կարող են ստանալ ընդհանուր իրավական եւ սոցիալական խորհրդատվություն, մասնագիտական կրթության ու վերապատրաստման ծրագրերին աջակցություն, սկսնակ ձեռնարկատերերի համար էլ բիզնես պլանների մջակման ծառայություն կմատուցվի:

Ծրագրի ղեկավար, Հայաստանում Ֆրանսիայի միգրացիոն եւ ինտեգրման գրասենյակի ներկայացուցիչ Վիրժինի Արտոյի խոսքով` Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնը մեկ կանգառով ծառայություններ մատուցող կենտրոն է Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների համար, ովքեր հենց կենտրոնում կտեղեկանան վերաինտեգրման առկա հնարավորությունների մասին:

Յուրաքանչյուր վերադարձողի անհատական մոտեցում է ցուցաբերվելու` խոստանում են Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնի պատասխանատուներն ու աջակիցները: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան էլ ամբողջացնելով հույս հայտնեց, որ կենտրոնում Հայաստան վերադարձած այցելուների հույսերն ու ակնկալիքները լավագույնս կարդարացվեն:

Ցուցադրել ավելի
Back to top button