Քաղաքական

Նախիջևանը պետք է հետ բերել. հայտարարել են «Նախիջեւան» նախաձեռնության անդամները

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ստեղծվել է ազգային — քաղաքական նոր նախաձեռնություն, այն կոչվում է «Նախիջևան»: Նախաձեռնության անդամներն այսօր հանրությանն են ներկայացրել իրենց նպատակներն ու խնդիրները. «Հիշեցնել, որ հայ երիտասարդությունը պահանջատեր է և վաղ թե ուշ ետ է վերադարձնելու մեր պատմական հայրենիքի կարևորագույն այս հատվածը՝ Նախիջևանը». Նորաստեղծ կազմակերպության առջև դրված գերխնդիրն այսօր այսպես են ձևակերպել նախաձեռնության նադամներ Կարպիս Փաշոյանն ու Անի Նավասարդյանը:

Նախիջևանը եղել է հայ էթնոսի ձևավորման հիմնական օջախներից մեկը, որը 1921 թվականին բռնակցվել է Ադրբեջանին, ինչպես և Արցախը: Բայց մենք համոզված ենք, որ բռնագրավված երկրամասը վաղ թե ուշ կանցնի իր պատմական տիրոջը, եթե մեր մեջ չմարի սերը դեպի հարազատ երկրամասը: Այս համոզվածությամբ և վստահությամբ երիտասարդների մի խումբ ստեղծել է «Նախիջևան» ազգային –քաղաքական նոր նախաձեռնությունը, որը միտված է հետապնդելու Նախիջևանի խնդիրը:

Նախիջևանը պետք է ետ բերել: Մենք չենք կարող անտարբեր լինել մեր հայրենիքի ցանկացած մասի ճակատագրի հանդեպ, այլապես վաղը անհայրենիք կմնանք: Նախիջևանցին ծննդավայր վերադառնալու հույսը դեռ չի կորցրել: Այն վերադարձնելու հեռանկարին անվերապահորեն հավատում է նաև նորաստեղծ նախաձեռնության անդամ Անի Նավասարդյանը: Նրա ձևակերպմամբ` դրա համար միայն պատմական հարմար առիթ է պետք:

«Մենք չենք ուզում մեռնել որպես ազգ և դրա համար պայքարելու ենք»,-ասում են երիտասարդներն ու շարադրում կազմակերպության առաջիկա քայլերը. Վերափոխել Նախիջևանի խնդրի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքն ու կարծրացած պատկերացումները ազգային նպատակների և պահանջատիրության նկատմամբ: Վերհանել Նախիջևանի պահանջատիրության իրավական և քաղաքական հիմքերը միջազգային իրավունքի տեսանկյունից: Քննության առնել Նախիջևանի՝ իբրև Հայաստանի շրջափակման գործիքի վերածման հարցը: Վերլուծել ՀՀ-ի քաղաքական և տնտեսական դժվարությունները Նախիջևանի Հյաստանից օտարված մնալու պայմաններում: Քննարկել Նախիջևանը որպես Հայաստանի մաս լինելու հեռանկարով Իրանի շահագրգռվածության հնարավորությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button