ԿարևորՏնտեսական

Հայաստան-Սերբիա գործարար համաժողով`Երեւանում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր առաջին անգամ Երևանում անցկացվել է Հայաստան-Սերբիա գործարար համաժողով, որին մասնակցել են Սերբիայից Հայաստան ժամանած տարբեր ոլորտներ ներկայացնող ինը ընկերությունների ներկայացուցիչներ: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը սերբ գործարարներին ներկայացրել է մեր երկրի տնտեսության երեք կարևորագույն ուղղությունները, հույս հայտնել,որ առաջիկայում Հայաստանի ու Սերբիայի միջև, ինչպես Սերբիայի ու Ռուսաստանի դեպքում է, ազատ առևտրի համաձայնագիր կգործի: Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչն էլ հայտարարել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները կշահեն, եթե Հայաստանն ու Սերբաին համագործակցեն ավիաոլորտում: Տեղեկացնենք, որ երեկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ մեր երկրի կառավարության ղեկավարը Սերբիայի արտգործնախարարին տեղեկացրել է, որ Հայաստանը որդեգրել է «բաց երկնքի» քաղաքականություն, ինչը լավ հնարավորություն է Երևան-Բելգրադ օդային ուղիղ հաղորդակցություն կազմակերպելու համար:

Ցանկություն կա, հնարավորություններն ու համագործակցության հեռանկարները ամրապնդվեցին օրերս: Հայաստանն ու Սերբիան կզարգացնեն առևտատնտեսական կապերը, դրանց ներկայիս մակարդակը չի բավարարում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս օրերին Երևւանում է Սերբիայի հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի գլխավորած պատվիրակությունը: Այսօր բարձրաստիճան հյուրի գլխավորությամբ Երևանում հայ-սերբական գործարար համաժողով անցկացվեց:

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը սերբ գործարարներին ներկայացրեց մեր երկրի տնտեսության երեք կարևորագույն ուղղությունները՝ գործարար միջավայրի բարելավում, արտաքին տնտեսական հարաբերություններ, արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն , նախարարը խոսեց ազատ առևտրի գոտիների ստեղծման մասին, նշեց, որ այստեղ գործունեություն ծավալողներն ամբողջովին ազատվում են հարկերից, հեշտացվում են նաև վարչարարական խնդիրները: Վահրամ Ավանեսյանը մեկ անգամ ևս շեշետեց՝ Հայաստանը պատրաստ է անդամակցել Մաքսային միությանը, նախարարը նաև նկատեց՝ Ռուսաստանը Սերբիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունի, Վահրամ Ավանեսյանը հույս հայտնեց, որ նման սցենար ապագայում Հայաստանի ու Սերբիայի միջև նույնպես կլինի. «Փաստացի ԱՊՀ երկրներում Հայաստանն առաջին տեղն է գրավում Doing BIznes-ի ցուցանիշով, բայց մենք շարունակում ենք այդ աշխատանքները, քանի որ նոր մարտահրավերները շատ են , կառավարության կողմից անընդհատ պետք է գործիքներ գտնվեն դրանց պատասխանելու: Հայաստանն անցյալ տարի հայտարարել է ՄՄ անդամակցելու իր մտադրության մասին, կարծում եմ այս քայլը ՀՀ ավելի գրավիչ կարող է դարձնել արտաքին ներդրողների համար»:

Սերբիայի Արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչն իր ելույթում նույնպես հայտարարեց, որ Սերբիան շահագրգռված է Հայաստանի հետ ավելացնել առևտրաշրջանառությունը, անցյալ տարի դրանք աննշան ծավալների են եղել:
«Մենք իհարկե կշարունակենք արդյունաբերական ապրանքներ և շինարարական նյութեր արտահանել, Սերբիան նաև գյուղատնտեսական ապրանքներ, սննդի վերամշակման, դեղագործական , քիմիական արդյունաբերության ապրանքների արտահանման մեծ ներուժ ունի: Համարում եմ, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները կշահեն, եթե ավիաոլորտում համագործակցենք և ուղիղ չվերթեր բացենք»:

Տեղեկացնենք, որ երեկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ մեր երկրի կառավարության ղեկավարը Սերբիայի արտգործնախարարին տեղեկացրել է, որ Հայաստանը որդեգրել է «բաց երկնքի» քաղաքականություն, ինչը լավ հնարավորություն է Երևան-Բելգրադ օդային ուղիղ հաղորդակցություն կազմակերպելու համար:

Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2013-ին Հայաստանի և Սերբիայի արտաքին առևտրաշրջանառությունը կտրուկ աճել է` ավելի քան 4 անգամ. նախորդ տարի առևտրաշրջանառությունը կազմել 8.5 մլն ԱՄՆ դոլար` ընդորում Հայաստանից Սերբիա արտահանման ծավալը կազմել է 5.6 մլն դոլար, իսկ Սերբիայից Հայաստան ներմուծումը` 2.5 մլն դոլար:

«Եթե չեմ սխալվում, մենք արտահանել ենք պղնձի խտանյութ, և միայն դա մոտավորապես 5.6 մլն դոլար է կազմել, մնացած դեպքերում ներմուծում ենք, ներմուծում ենք Սերբիայից տարբեր ապրանքներ, այդ թվում՝ սննդամթերք, որոշակի դեղամիջոցներ, բայց շատ չնչին է առևտրաշրջանառությունը, դա մեզ չի կարող բավականացնել: Սա Սերբիայի հետ համագործակցություն սկսելու առաջին քայլերից մեկն է»:

Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում նույնպես նկատեց, որ հայկական արտադրանքը Սերբիայում հավուր պատշաճի ներկայացված չէ, այն ինչ ունենք, կարող ենք արտահանել ,- ասաց,- «Սա ծանոթանալու, միմյանց հետ համագործակցելու եզրեր գտնելու հնարավորություն է»: Ո՞րն է պատճառը, որ հայկական արտադրանքը Սերբիայի շուկայում լայն ընդգրկում չունի,- հարցրեցինք.
«Առաջին հերթին դա ինֆորմացիայի պակասն է՝ և մեր, և իրենց արտադարքի վերաբերյալ: Այժմ փորձում ենք այդ բացը լրացնել: Սերբիայի հարկային օրեսնդրությունը գրեթե եվրոպականի նման է, հատկապես, որ երեկ երկու երկրների Արտաքին գործերի նախարարները կրկնակի հարկման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Կարևորը իրենք մեր օրեսնդրության հետ ծանոթ լինեն, ինչ որ առումով արդեն ծանոթ են, դեռ անհանգստացնող հարցեր չեն բարձրացրել»:

Նկատենք, որ Սերբիայից Հայաստան են ժամանել տարբեր ոլորտներ ներկայացնող ինը ընկերությունների ներկայացուցիչներ: Նրանք իրենց հայ գործընկերների հետ դեռ քննարկումներ կանցկացնեն. միգուցե մոտ ապագայում առաջին հայ-սերբական համատեղ ձեռնարկությունը ստեղծվի:

Ցուցադրել ավելի
Back to top button