Հասարակություն

Կարինե Դանիելյան.«Մենք այժմ կանգնած ենք անապատացման եզրին»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Չվերահսկվող ագահության հետևանքով մենք այժմ կանգնած ենք անապատացման եզրին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգել է բնապահպան Կարինե Դանիելյանը: Նա նաև հայտնել է, որ դրան նպաստել են հանքարդյունաբերությունը, փոքր ՀԷԿ-երն ու քաղաքաշինությունը, ավելացել է նաև ձկնաբուծությունը: Կարինե Դանիելյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, խոսելով Հայաստանում բնապահպանական խնդիրների մասին, անդրադաձել են հանրապետության տարածքում կառուցվող փոքր ՀԷԿ-երին և բնությանը սպառնացող վտանգներին:

Անկախության տարիներից դրսևորվող չվերահսկվող ագահությունը շարունակում է բնաջնջել Հայաստանի բնությունը: Հայաստանի բնական ռեսուրսները վերացնող 3 գլխավոր ոլորտներն ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի, հանքարդյունաբերությունն է, փոքր ՀԷԿ-երն ու քաղաքաշինությունը: Այս 3-ից հետ չի մնում նաև ձկնաբուծությունը:

Անդրադառնալով փոքր ՀԷԿ-երի կառուցմանը, Կարինե Դանիելյանը նշեց, որ երբ կառավարությունը սկսեց ՀԷԿ-երի ծրագիրը, այն շատ դրական ընկալվեց բնապահպանների կողմից, քանի որ այն էկոլոգիական ուղղվածություն ունեցող ծրագիր էր: Բայց երբ սկսվեց ծրագրի իրականացումը, լրիվ հակառակ պատկերը եղավ:

Ինչ վերաբերում է քաղաքաշինությանը, բավական է միայն Երևանին նայել, և պարզ կդառնա, թե ագահության ինչ դրսևորումներ կան այս ոլորտում:

Կարինե Դանիելյանի հետ լիովին համամիտ է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Նա ևս կարծում է, որ բնության նկատմամբ նմանանատիպ գիշատիչ մոտեցումը երկիրը վերածում է հանքային թափոնների և ցամաքեցնում գետերը: Այնինչ մեր երկրի համար այսօր ռազմավարական նշանակություն ունի ոչ թե հոսանքն այլ գյուղատնտեսությունը, նկատեց ԱԺ պատգամավորը:

Մեկ անգամ չէ, որ ԱԺ-ում բարձրացրել են բնապահպանական այս խնդիրները, սակայն ԲԿՀ-ական պատգամավորի համար անհասկանալի է, թե ինչու սայլը տեղից այդպես էլ չի շարժվում:

Ցուցադրել ավելի
Back to top button