Հասարակություն

Թուրքական քարոզչամեքենայի և իրեն բնորոշ գործելաոճի հերթը հասել է պոլսահայ գրող Սեւան Նշանյանին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մոտենում է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Թուրքական քարոզչամեքենան և իրեն բնորոշ գործելաոճն ավելի ու ավելի են ակտիվանում: Մտավորականությանը լռեցնելու համար նրանց պատեհ- անպատեհ առիթներով առաջադրում են մեղադրանքներ: Այժմ հերթը հասել է պոլսահայ գրող, «Թարաֆ» պարբերականի լրագրող Սևան Նշանյանին: Նրան ազատազրկել են ապօրինի շինարարության համար, սակայն իրականում դրա ենթատեքստը քաղաքական է:

Այսօր Թուրքիայում իրենց կամքն ազատ արտահայտողների մի խումբ կա, ով կարողանում է Օսմանյան Թուրքիայից ժառանգած անիրավությունների մասին, որոնք շարունակվում են նաև այսօր, բարձրաձայնել: Նրանցից է պոլսահայ գրող Սևան Նշանյանը, ով առաջին անգամ չի վայելում թուրքական բանտերի վայելքները: Բազմաթիվ մեղադրանքներով է հայտնվել ճաղերի ետևում, սակայն դատական հայցերի հիմնական մասը վերաբերել է ապօրինի շինարարությանը: Գործարար Սևան Նշանյանին մեղադրում են Իզմիր նահանգում կիսավեր թուրքական գյուղը վերակառուցելու և այն զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար:

Սակայն նրան 4 տարի ժամկետով ազատազրկել են, որից երկուսը պայմանական, մոտ երեք տարի առաջ իր հողատարածքում 63 քառակուսի մետր շինություն կառուցելու համար:

Պոլսահայ գրող և լեզվաբան Սևան Նշանյանի համար «Սխալ հանրապետություն կամ 51 հարց քեմալիզմին և Աթաթուրքին» խորագրով հեղինակած գիրքը, որտեղ վերհանված են թուրքերի բոլոր մեղսագործությունները, դարձավ ճակատագրական: Իր քննադատական հայտարարություններով թուրքական իշխանությունների համար հայտնի Նշանյանին իր գործընկերները կարծում են, որ ազատազրկել են ոչ թե ապօրինի շինարարության, այլ քաղաքական հայացքների համար:

Վերջերս թուրքակական հեռուստաընկերություններից մեկով Սևան Նշանյանը` խոսելով «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի մասին, քննադատել է Մուհամմեդ մարգարեին: Թուրքիայում միակ հայ քաղաքական բանտարկյալն է, ասում է գրող Գրիգոր Ջանիկյանը և ավելացնում, որ սա նույն Օրհան Փամուկի, Զարաքօլուիի ձերբակալությունների և Հրանտ Դինքի սպանության շարքից է: Սրանք արդար դատի լուծման համար վտանգավոր իրադարաձություններ են, հավելեց հրապարակախոսը:

«Մենք հասկանում ենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ այդ երկրում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք իրենց ներքին, իմ կարծիքով, ջղաձգման արտահայտություններն են և այստեղ նույնիսկ հասնում են երբեմն զավեշտալի հետևանքների»:

Մեր գրողների միությունը բողոքի իր ձայնն է բարձրացնում գրչակից ընկերոջ հանդեպ կատարված անարդարության համար: Իր գրած գրքերի վաճառքից ստացած հասույթով ապրող մտավորականին իր հայրենիքում չեն ճանաչում, սակայն այդ բացը լրացնելու համար 2015 թվականին պատրաստ կլինի նրա հեղինակած մի քանի գրքի արևելահայերեն թարգմանությունը: «Սխալ հանրապետություն» գիրքը կթարգմանվի` ի հիշատակ 1915 թվականի անմեղ զոհերի:

Ցուցադրել ավելի
Back to top button