Հասարակություն

Այսօր Ճապոնիայի ավերիչ երկրաշարժի և ցունամիի երրորդ տարելիցն է

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

2011թ., մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0-9.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հետևեց ցունամին: Այս արհավիրքների հետևանքով զոհվեց 16 հյազար մարդ, ավելի քան 300 հազար մարդ մնաց անօթևան: Վթարվեց նաև Ֆուկուշիմայի ատոմակայանը: Մեր երկիրը անտարբեր չմնաց այդ սարսափելի իրողությունից, և անհապաղ առաջարկեց իր օգնությունը: ՀՀ կառավարությունը այն ժամանակ ճապոնական կողմին հատկացրեց կես միլիոն դոլար:

Այսօր ավերիչ երկրաշարժի և ցունամիի երրորդ տարելիցի օրը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության բակում ի հիշատակ աղետի անմեղ զոհերի տեղի ունեցավ միջոցառում, որը մեկնարկեց Ճապոնիայի և Հայաստանի օրհներգերով: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ծաղկեպսակ խոնարհեց Փրկության նվիրյալների հուշարձանին: Օրվա խորհրդին անդրադարձավ Փրկարար Ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:

Միջոցառման շրջանակներում նախարարարության սրահում ցուցադրվեցին ճապոնացի հայտնի լուսանկարիչ Տոշինարի Միկամիի՝ աղետի գոտում արված լուսանկարներից: Այստեղ ներկայացվեցին նաև Սպիտակ քաղաքի կենտրոնական պուրակում Ճապոնիայի երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակին ԱԻՆ Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի կողմից 2013 թ. տեղադրված խաչքարի լուսանկարները: Ծանոթանանալով ցուցադրության հետ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը:

Պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին, գերատեսչության ղեկավարը անդրադարձավ ԱԻՆ համագործակցությանը ճապոնական կողմի հետ:

«2010թ.-ին մեր ճապոնացի գործընկերները մեզ նվիրեցին 28 հրշեջ-փրկարարական մեքենա:Մենք ունենք նաև լուրջ համագործակցություն սեյսմիկ ծառայության ոլորտում: Մենք բոլոր ուղղություններով համագործակցում ենք Ճապոնիայի հետ, և ես շատ դրական եմ համարում այդ համագործակցությունը»:

Ցուցադրել ավելի
Back to top button