ԿարևորՔաղաքական

Սերբիան սատարում է ԼՂՀ հիմնախնդրի հետ համանախագահների տեսակետներն ու դիրքորոշումները, հայտարարել է երկրի արտգործնախարարը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ընդլայնել Հայաստանի ու Սերբիայի միջև իրավապայմանագրային դաշտն ու նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացմանը, պայմանավորվել են Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարներն այսօր կայացած հանդիպման ժամանակ: Մինչ օրս առկա 5 պայմանագրի այսօր ավելացել է ևս մեկը` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի կրկնակի հարկումից խուսափելու համար պայմանագիր են ստորագրել ու պատասխանել լրագրողների հարցերին: Խոսվել է ղարաբաղյան խնդրի կարգավորման, ուկրաինական զարագացումների ու Կոսովոյի խնդրի լուծման շուրջ: Իվան Մկրկիչը տեղեկացրել է նաեւ, որ առաջիկայում Սերբիայի նախագահը կայցելի Հայաստան:

«Կարծես հորեղբորս տուն այցելած լինեմ»,- Սերբիայի արտգործնախարարը նախ գոհունակություն հայտնեց Հայաստանում ջերմ ընդունելության արժանանալու համար, ապա նշեց, որ հարկ է ընդլայնել երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտը: Եկող տարվա հունվարից ԵԱՀԿ-ն կնախագահի Սերբիան, և լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է պատկերացնում Սերբիայի ԱԳ նախարարը ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Իվան Մրկիչը խոստացավ, որ Սերբիան կողմնապահություն չի անի. պաշտոնական Բելգրադը սատարում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը`ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդների դավանած սկզբունքների հիման վրա: Մենք լիովին սատարում ենք մադրիդյան սկզբունքները նշեց Սերբիայի ԱԳ նախարարը:

«Ներկայումս համակարգում ենք մեր աշխատանքները Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ, համատեղ ներկայացրել ենք աշխատանքային ծրագիրը, որտեղ նշված են բոլոր գերակայությունները, մենք կշարունակենք այնտեղից, որտեղ կանգ կառնեն շվեյցարացիները, կշարունակենք Շվեյցարիայի նախագահությունը, քանի որ համանախագահող ենք լինելու, որոշել ենք համատեղ նախագահություն վարել երկու տարի»,- ասաց Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Իվան Մրկիչը խոսեց նաև Կոսովոյի հարցի շուրջ ու նշեց, որ այժմ բանակցում են Պրիշտինայի վարչակարգի ներկայացուցիչների հետ, կայունություն ապահովելու և բոլոր քաղաքացիների համար կյանքի նորմալ պայմաններ ստեղծել նպատակով, սակայն Սերբիան մտադիր չէ ճանաչել Կոսովոն,- ընդգծեց Սերբիայի ԱԳ նախարարը:

Նա  նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանին` Կոսովոյի հարցում հավասարակշռված դիրքորոշում դրսևորելու համար:
Հանդիպմանը չշրջանցվեց միջազգային հանրության ուշադրության առանցքում գտնվող ուկրաինական զարգացումների թեման: Վերջերս հրապարակումներ եղան, որ Հայաստանը գրառում չի կատարել Ուկրաինայի դեսպանատանը բացված սգո մատյանում: Ինչ է սա նշանակում. «Կարծում եմ, որ դրանք անտեղի ու անիմաստ շահարկումներ են, քանի որ խոսնակի միջոցով ԱԳ նախարարությունը հայտնել է իր ցավակցությունները Ուկրաինային ու ուկրաինական ժողովրդին: Դա եղել է սգո մատյանի բացումից երկու օր առաջ: Իսկ Սգո մատյանի մասին ԱԳ նախարարը տեղեկություն է ստացել մատյանի բացումից մեկ օր հետո, այնպես, որ դրանք անտեղի շահարկումներ են: Դեսպանի հետ 24-ին երբ մուտքագրվել էր նոտան, պարզաբանվել է հարցն ու նշվել, որ ուշացումով է ստացվել նոտան և դեսպանն ընբռնումով է մոտեցել հարցին: Իսկ ուկրաինական իրադարձությունների առումով Հայաստանը հույս ունի, որ խաղաղ ճանապարհով, իրավական դաշտում լուծումներ կգտնվեն ու կնպաստեն Ուկրաինայում լավածության թուլացմանն ու կուտակված հարցերի լուծմանը»,- ասաց նախարար Նալբանդյանը:

Իսկ քննարկվել է արդյոք ՀԱՊԿ-ում ուկրաինական ճգնաժամի հարցը և եթե քննարկվի Հայաստանն ինչ դիրքորոշում կհայտնի. «Իհարկե քննարկումներ կլինեն, եթեներով խոսել չեմ սիրում»:

Ցուցադրել ավելի
Back to top button