ԿարևորՄշակույթ

Կաասը տպավորված է հայ հանդիսատեսի ջերմ և էմոցիոնալ ընդունելությունից

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Երևանում է գտնվում ֆրանսիացի սիրված երգչուհի Պատրիսիա Կաասը: Նախօրեին նրա համերգով Հայաստանում մեկնարկեց ֆրանկոֆոնիայի երկամսյակը: Այսօր երգչուհին հանդիպել է հայ լրագրողներին:

«Կաասը երգում է Պիաֆ»՝ այս ծրագրով ֆրանսիացի սիրված երգչուհի Պատրիսիա Կաասը հանդես եկավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգը կազմակերպվել էր «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից և ազդարարեց Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը:

Պատրիսիա Կաասը նշեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան, թեպետ շատ վաղուց էր երազում լինել այստեղ: Երևանում երգչուհին ներկայացրել է ֆրանսիական երգի լեգենդ Էդիթ Պիաֆի հայտնի երգերից: Այս ծրագիրը հարգանքի տուրք է մեծ երգչուհու հիշատակին, ում մահվան 50-րդ տարելիցը նշվեց անցյալ տարի: Պատրիսիա Կաասը նշեց, որ միշտ տպավորված է եղել Պիաֆի արվեստով և, կատարելով նրա զգացական երգացանկը, փորձում է ներկայացնել սեփական զգացմունքները: Մինչ օրս նա հասցրել է նկարահանվել է 2 գեղարվեստական ֆիլմերում և այդ դերասանական փորձը օգնեց նրան հանդես գալ Պիաֆին նվիրված ծրագրով, որտեղ նա ոչ միայն երգել է, այլ նաև պարել: 47-ամյա երգչուհին հայտնեց, որ միշտ իր կողքին է արջուկ փափուկ խաղալիքը, որը կապում է նրան իր երջանկահիշատակ մոր հետ:

Կաասը խոստովանեց, որ տպավորված է մեր հանդիսատեսի ջերմ և էմոցիոնալ ընդունելությամբ, ինչը հաճելիորեն զարմացրել է նրան: Երգչուհին հույս հայտնեց, որ կարճ ժամանակ անց կրկին կայցելի Հայաստան:

Այս համերգով մեր երկրում մեկնարկեց ֆրանկոֆոնիայի երկամսյակը: Մինչև մայիսի 12-ն ամբողջ Հայաստանում տեղի կունենան ավելի քան 400 մշակութային, գեղարվեստական, բուհական և դպրոցական միջոցառումներ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշեց, որ մեր երկիրը առանձնակի շուքով է նշելու այս տոնը:

Ցուցադրել ավելի
Back to top button