Հասարակություն

Աիդա Սերոբյան. Հաթերքի պարտիզանական ջոկատներից մինչև կանոնավոր բանակ

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Հայ իրականության մեջ կինը երբեք ստրուկ չի եղել: Նա միշտ եղել է թագուհի իր տարածքում: Ու այդ թագուհի կանայք նաև չերկնչեցին գնալ ու իրենց հայրերի, ամուսինների ու զավակների կողքին կռվել թշնամինների դեմ: Ինչպես արցախյան պատերազմում, այնպես էլ այսօր հայկական զինված ուժերի համակարգում հայ կինն իր ուսերին է կրում կրում բոլոր դժվարությունները: 

Պատմաբան ու պահեստային գնդապետ Տիգրան Պետրոսյանցը հիշեցնում է Զարմանդուխտին, որը Կիլիկիայի հայկական պետության կորստից հետո Զեյթունի լեռներում շուրջ 50 տարի պահեց մի իշխանություն, որը հենց նրա անունով էլ կոչվում էր։ Զրուցակիցս հիշում է. «Երբ արցախյան շարժումը սկսվեց օպերայի հրապարակում հավաքված հարյուր հազարավոր մարդկանց հիսուն տոկոսից ավելին կանայք էին, ու նրանք էլ դարձան այն շարժիչ ուժը, որ մեր տղամարարդկանց տարան դեպի սխրագործություն, դեպի անկախ պետության գաղափարի իրագործում։ Իսկ երբ ծավալվեցին մարտական գործողությունները կանայք դարձան նաև այդ գործողությունների անմիջական մասնակիցը։ արցախյան պատերազմին հանրապետությունից մասնակցել են մոտ 156 կանայք, որնցից 17-ը զոհվել են, 35-ից 40-ը առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներ են դարձել։ Շատ կանայք պատերազմից հետո էլ մնացին ու մինչ օրս ծառայում և իրենց կարևոր ներդրումն են կատարում հայոց բանակի կայացման գործում»:

1992 թվականի փետրվարն էր։ Հեռուստատեսությամբ լսեց, որ Արցախում բուժաշխատողների խիստ կարիք կա։ Ինքն էլ արդեն 12 տարի աշխատում էր Ավանի թիվ 12 պոլիկլինիկայում։ Առավոտյան աշխատանքի գնալու փոխարեն ճանապարհն ուղղեց դեպի առողջապահության նախարարություն ու խնդրեց իրեն գործուղել Արցախ։ Ընտանիքն այդ մասին նույնիսկ չիմացավ։ Մորն ասել էր, որ մեկնում է Ջերմուկ՝ տեղի հանգստյան տանն աշխատելու։ Մայրն ուրախացել էր ու մի բաժակ տվել, որպեսզի աղջիկն այնտեղ ամեն օր գնա ու այդ բաժակով բուժիչ ջուր խմի։ Աիդան բաժակը վերցրել էր ու այդ բաժակով գնացել պատերազմ:

Մայրը երեք ամիս անց է միայն պարզում, որ դուստրը պատերազմի դաշտում է, հարևաններն էին ասել, ովքել տեսել էին Աիդային հեռուստատեսությամբ` «Արցախյան տարեգրություն» հաղորդման ժամանակ:

Աիդան համոզված էր, որ պատերազմը երկու ամսից ավել չի տևի, բայց ամիսներն անցնում էին ու օրհասական մարտերի շղթան թվում է թե վերջ շունի։ Հասկացավ՝ քանի դեռ պատերազմն ավարտված չէ վերադառնալ չի կարող։ Պոլիկլինիկայի բժշկուհին, որի տեսած ամենածանր վերքը, ինչպես ինքն է ասում աբսիզն ու մսի մեջ սերտաճած եղունգն էր, պատերազմի դաշտում տեսավ ամեն ինչ: Պատերազմի ողջ ընթացքը տպավորիչ դեպքերի մի շղթա է։ Դրանցից շատերը մեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ ջնջել հիշողությունից։

Հաթերքի պարտիզանական ջոկատներից մինչև կանոնավոր բանակ. Աիդա Սերոբյանը ռազմի դաշտում էր մինչև պատերազմի ավարտը։ Հայոց կանոնավոր բանակի ծնունդը նրա ամենաթանկ հիշողությունների թվում է։ Բանակի հիմնադրումից հետո Աիդան ակամա դարծավ Մարտակերտի շրջանի բանակի զինվոր: Զինադադարի լուրը, որն ըստ մեր հերոսուհու, հանգիստ կարելի է հաղթանակ կոչել, ստացել է Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղում։ Մինչ օրս ականջում դեռ հնչում է քարինտակցի զինվորի ծայնը՝ դոխտուր, աչքդ լուս ինի, կռիվը պրծալա։ «Առաջին միտքը, որ եկավ, այն է՝ չի կարող պատահել։ Տարիներ շարունակ մարտադաշտում գտնվող զինվորին թվում էր, թե պատերազմը երբեք չի վերջանա ու խաղաղություն չի լինի»,-խոստովանում է Աիդա Սերոբյանը։ Ահա թե ինչու ֆիդայկան շարժմամբ իր մարտական ուղին սկսած կնոջ համար այսօր հայոց բանակն ավելի թանկ արժե քան սեփական կյանքը:

Ցուցադրել ավելի
Back to top button