Հասարակություն

Մեր երկրում զգացվում է երիտասարդ գիտնականների պակաս

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մեր երկրում գիտության առկա վիճակին և հեռանկարներին այսօր անդրադարձել է աստղագետ Արեգ Միքաելյանը: Ըստ նրա, թեպետ գիտության առումով Հայաստանը աշխարհում գրավում է առաջատար դիրքեր, այնուամենայնիվ արձանագրվող ուղեղների արտահոսքը մտահոգիչ է: Առկա սոցիալ-տնտեսական դժվարությունների հետ մեկտեղ, մեր երկիրը հպարտանալու արժեքներ ունի, որոնք ճանաչված են ամբողջ աշխարհում, լրագրողների հետ հանդիպմանը այս հանգամանքը առաջին հերթին նշեց աստղագետ Արեգ Միքաելյանը:

Գիտության դերը մեր երկրի կյանքում բավականին մեծ է: Հայ գիտնականները մեծ հաջողությունների են հասել և ճանաչվել միջազգային ասպարեզում: Լինելով աշխարհում մեծությամբ 135-րդ երկիրը, Հայաստանը գիտության առումով զբաղեցնում է առաջատար դիրքեր: Հայաստանյան գիտության մեջ առանձնակի դեր ունի Բյուրականի աստղադիտարանը, որը շնորհիվ կատարելագործված մեծ դիտակի այսօր մասնակցում է մի շարք միջազգային նախագծերի, ինչպես ռուսական, այնպես էլ արևմտյան կազմակերպությունների և գիտնականների մասնակցությամբ:

Մեր երկրում զգացվում է երիտասարդ գիտնականների պակաս, փաստում է գիտնականը: Շատ հաճախ ճշգրիտ գիտություններում աչքի ընկած երիտասարդները արտագաղթում են և արտասահմանում շարունակում իրենց գործունեությունը: Ուղեղների արտահոսքը տեղի է ունենում պատկան գերատեսչությունների անուշադրության պատճառով և արդյունքում երկիրը կորցնում է իր գիտական ներուժի հերթափոխը, մասնավորապես և աստղագիտությունում, հավելեց Արեգ Միքաելյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button