Քաղաքական

ՀՀ արտգործնախարարը Ժնևում երկկողմ հանդիպումներ է ունեցել Լատվիայի և Հոնդուրասի իր գործընկերների հետ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնևում հանդիպում է ունեցել Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարները բարձր են գնահատեցին երկու երկրների միջև հաստատված բարեկամական համագործակցությունը՝ ընդգծելով, որ առկա է այն առավել զարգացնելու համապատասխան ցանկություն և ներուժ։

2015 թ. առաջին կիսամյակում Եվրոպական միությունում լատվիական նախագահության համատեքստում Հայաստանի և Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստան – ԵՄ հարաբերությունների շուրջ՝ շեշտելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու կարևորությունը։

Զրույցի ընթացքում անդրադրաձ է եղել միջագզային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանն առնչվող հարցերի։ Էդգարս Ռինկևիչսը Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Ռիգա։

Ժնևում նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հոնդուրասի արտաքին հարաբերությունների պետական քարտուղար Միրեյա Ագուերո դե Կորալեսի հետ։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության քայլերը՝ ընդգծելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը:

Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ անտեսելով և հակադրվելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային հանրության դիրքորոշմանը, որն արտահայտվում է համապատասխան մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների Նախագահների հայտարարություններում, Ադրբեջանը նպատակ է հետապնդում ապակողմնորոշել իր և միջազգային հանրային կարծիքը։

Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ այդ նպատակով որոշ երկրներում, տարբեր միջոցների դիմելով, Ադրբեջանը փորձեր է կատարում հիմնախնդրի վերաբերյալ շինծու հայտարարություններ անցկացնել, որոնք վնաս են հասցնում բանակցային գործընթացին, հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված համանախագահների ջանքերին։

Նախարարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները երկու երկրների միջև, Երևանում և Տեգուսիգալպայում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրել։

Ցուցադրել ավելի
Back to top button