ԿարևորՀասարակություն

Հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի զրափակիչ փուլը` ապրիլի 5-ին

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայաստանում այսօր կա հաշվառված 192 հազար հաշմանդամ, որոնց 47 տոկոսը կանայք են: Արդեն 10-րդ տարին է, ինչ ապրիլի 7-ին ընդառաջ «Ունիսոն» ՀԿ-ն կազմակերպում է հաշմանդամ կանանց եւ աղջիկների գեղեցկության հանրապետական ֆոտոմրցույթ: Այս տարվա մրցույթը որոշվել է ավելի ընդլայնել եւ մոտեցնել սովորական չափանիշներին:

Սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ արդեն սկսել են զգալ հասարակության վերաբերմունքի փոփոխությունն իրենց հանդեպ` նրանց համար ավելի հեշտ է դարձել աշխատանքի տեղավորվել, սկսել են ավելի լիարժեք կյանքով ապրել, նաեւ քաղաքը սկսել է հարմարեցվել հաշմանդամների համար: «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը եւ կազմակերպության հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը հիշեցնում են. «60-ական թվականներին Միացյալ Նահանգներում ոչինչ սարքված չէր, հաշմանդամները խտրականության մեջ էին` մեկուսացված էին եւ մատչելիություն չկար: Ընդամենրը 30 տարում այդ երկիրը դարձավ երանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաների տեսանկյունից»:

Այս ամենը մի կողմ դրած, հաշմանդամներն` իրենք իրենց համար նաեւ փորձում են հաղթահարել որոշակի խնդիրներն ու բարդույթները: Այդ նպատակին է ծառայում օրինակ` Հաշմանդամ կանանց եւ աղջիկների գեղեցկության հանրապետական ֆոտոմրցույթը: 2004-ին, երբ այն մեկնարկում էր, հասկանալի է, որ բարդություններ կային: Իսկ այսօր` թեեւ հայտերի ընդունումը կավարտվի մարտի 14-ին, բայց շուրջ 40 մասնակից արդեն գրանցվել է:

Այս տարվա մրցույթը աննախադեպ է լինելու նախ մասնակիցների առումով: Հայտեր են ընդունվել Երեւանից, Հայաստանի բոլոր մարզերից, Ղարաբաղից, Ջավախքից եւ նույնիսկ Սիրիայի հայուհիներից: Տասը տարվա ընթացքում այս տարի առաջին անգամ նաեւ «Միսս Գեղեցկություն 2014»-ի հաղթողը կհայտարարվի անմիջապես բեմում: Նշենք, որ նախկինում բացառապես լուսանկարներով էր որոշվում:

Ավելացնեմ, որ գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կկայանան ապրիլի 5-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button