ԿարևորՔաղաքական

Հայոց Ցեղասպանության լիարժեք ճանաչման համար անհրաժեշտ է, որ այն ճանաչի ԱՄՆ-ն.թուրքագետ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին տարածաշրջանում իրավիճակը հանգիստ չէ` լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նկատել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Նա կարծում է, որ Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրները լուծելու համար, մինչդեռ, պետք է թե միջազգային, թե տարածաշրջանային իրավիճակը հանգիստ լինի: Թուրքագետը նկատել է, որ Թուրքիան շարունակելու է իր ժխտողական քաղաքականությունը, իսկ Հայաստանում ստեղծված հատուկ հանձնաժողովն էլ արդյունավետ չի գործում նման պայմաններում:

Հակոբ Չաքրյանի գնահատմամբ, այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ կարելի է արձանագրել, որ որոշակի դրական տեղաշարժեր եղել են` կապված Հայոց ցեղասպանության հետ:

Ըստ Հակոբ Չաքրյանի` նոր գործընթաց է սկսվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ եւ, եթե Ֆրանսիայի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը մինչեւ 2015 թվականը հետամուտ լինեն իրենց իսկ կատարած հայտարարություններին, ապա` տեղաշարժն այս հարցում էական կլինի: Թուրքագետը, սակայն, կարծում է, որ Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար խիստ անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն ճանաչի: Հենց ԱՄՆ-ի ճանաչմանը կհաջորդեն Իսրայելի, Անգլիայի քայլերը` համոզված է թուրքագետը:

Միաժամանակ, ըստ թուրքագետի, կա նաեւ ազդեցության լծակի խնդիր եւ, ցավոք, հարցը պահվում է ժամանակ առ ժամանակ Թուրքիայի վրա ազդելու նպատակով: Կա բարոյականության խնդիր, սակայն, այստեղ մենք որեւէ բան անել չենք կարող` նկատեց Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետի խոսքով` իր հերթին այսօր Թուրքիան զբաղված է իր ներքին հարցերով` սպասվող ընտրություններին ընդառաջ ներքաղաքական իրավիճակը ծայրաստիճան լարված է, քանի որ ՏԻՄ ընտրությունները հանրաքվեի նշանակություն են ունենալու Էրդողանի համար: Բանախոսը համոզված է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում շարունակելու է իր ժխտողական կեցվածքն առաջ տանել: Թուրքագետը մտահոգություն հայտնեց, որ նման պայմաններում Հայաստանը գրեթե ոչինչ չի անում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Թուրքագետի գնահատմամբ` ստեղծված պետական հանձնաժողովն էլ իր մեծության պատճառով արդյունավետ չի գործում:

Ցուցադրել ավելի
Back to top button