Քաղաքական

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության Նախագահին

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 6-ին հանդիպել է Շվեյցարայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ։ Հայաստանի արտգործնախարարը Դիդյե Բուրկհալտերին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջյունները և գրավոր ուղերձը։

Զրուցակիցները գոհունակություն են  հայտնել հայ-շվեյցարական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, համակողմանի փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ և քննարկել հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը առնչվող հարցեր։ Հատուկ կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը։

Շվեյցարիայի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային խնդիրների, շվեյցարական նախագահության նախաձեռնությունների շուրջ։

Նախարար Նալբանդյանը նախագահ Բուրկհալտերին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Դիդյե Բուրկհալտերը վերահաստատել է աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը։

Հանդիպմանը անդրադարձ է արվել այս տարվա հունիսին Դիդյե Բուրկհալտերի Հայաստան կատարելիք այցելությանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ։

Ցուցադրել ավելի
Back to top button