ԿարևորՔաղաքական

Կրկին հայ գերի.այս անգամ սահմանը հատած ՀՀ քաղաքացին Մամիկոն Խոջոյանի ազգականն է

Հայ-ադրբեջանական սահմանը հատած Արսեն Խոջայանը օրերս ադրբեջանական գերությունից հայրենադարձված Մամիկոն Խոջոյանի ազգականն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է 77-ամյա
ծերունու դուստրը` Հեղինե Վարդազարյանը: «Արսեն Խոջայանը իմ հայրիկի հորեղբոր թոռն է: 22 տարեկան տղա է, ամուսնացած չի: Շատ վատ բան է եղել»,- ասաց Հեղինե Վարդազարյանը` շեշտելով, որ երիտասարդի
ընտանիքը ծանր պայմաններում է ապրում:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները լուր են տարածել, որ հայ-ադրբեջանական սահմանը հատել ու գերի է ընկել 20-22 տարեկան հայ երիտասարդ:
Ադրբեջանական xezerxeber.az կայքը հրապարակել էր սահմանն անցած ՀՀ քաղաքացու լուսանկարը, որը քաղաքացիական հագուստով էր, իսկ Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովի խոսքերով՝ նա ծնվել է 1991-ին, անուն-ազգանունը՝ Արսեն Խոջայան։

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն էլ  panorama.am -ին ասել է, որ երիտասարդը իրենց համագյուղացին է, ով անասուններին տարել է արածացնելու և ուժեղ մառախուղի պատճառով մոլորվել ու հայտնել է ադրբեջանական կողմում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու խոսքով` հիմք ընդունելով Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովի քարտուղարի հաղորդած տեղեկատվությունն ադրբեջանական լրատվամիջոցներին` ԿԽՄԿ-ն սկսել է լրջորեն հետազոտել հարցը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ տեղեկացրել է, որ սահմանը հատած քաղաքացին զինծառայող չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button