ԿարևորՀասարակություն

«Կանանց և աղջիկներին» անվճար բուժսպասարկման ակցիային միացել է նաև Հայ-ամերիկյան կենտրոնը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Յուրաքանչյուր տարի Առողջապահւթյան նախարարությունը տարբեր մարզերում անվճար բուժսպասարկում է իրականացնում: Այս առաքելությանը լծվում են առաջնակարգ բժիշկներ: Այս անգամ կանանց նվիրված միամսյակի օրերին նմանօրինակ գործընթաց է նախատեսված հանրապետության գրեթե բոլոր բուժհիմնարկներում: Թե ովքե՞ր կարող են դիմել բժիշկներին և ո՞ր հիվանդությունների առնչությամբ մանրամասնում է Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

«Մենք ընդգծել ենք այն հիմնական ծառայությունները, որոնք առնչվում են կնոջ վերարտադրողական առողջության հետ: Դա մանկաբարձագինեկոլոգիական օգնությունն է, դա էնդոկրինոլոգիան է` ներզատաբանություն, կարդիոլոգիա, սրտաբանություն, ակնաբուժություն: Սրանք ծրագրային հստակ ուղղություններ են, բայց սա չի նշանակում, որ բացառվում են բուժօգնության այլ տեսակները»:

Եթե կլինեն կանայք, որոնք կունենան այլ խնդիրներ, որոնք չեն առնչվում վերը թվարկված հիվանդությունների հետ, Կարինե Սարիբեկյանը վստահեցնում է, որ լուծումներ կտրվեն նաև նրանց խնդիրներին: Միայն նորագույն տեխնոլոգիաներով թանկարժեք բժշկական ծառայություններն անվճար չեն գործի նույնիսկ այս միջոցառման շրջանակներում: Առողջապահության նախարարության և քաղքապետարանի նպատական է կանանց միամսյա տոնի ընթացքում բոլոր կանանց համար որոշակի ծառայություններ դարձնել մատչելի: Հիմնական շեշտը դրվել է հատկապես վերարտադրողական առողջության և դրան առնչվող ծառայությունների վրա: Իսկ տարեց կանանց ակցիայի շրջանակներում կօգնեն պահպանել աչքի լույսը: Առողջության խնդիրներով կանանց և աղջիկների անվճար զննումներին պատրաստ են հանրապետության գրեթե բոլոր բժշկական հաստատությունները:

«Կանանց և աղջիկներին» անվճար բուժսպասարկման ակցիային միացել է նաև Հայ-ամերիկյան կենտրոնը, որն իր հետազոտությունները կիրականացնի թիվ 17 և Դավիթ Անհաղթ բժշկական կենտրոնի տարածքում գտնվող պոլիկլինիկաներում:

Ապրիլին էլ Հայ-ամերիկյան կենտրոնը հետազոտություններ կիրականացնի նաև մարզերում: Այս ակցիայի շրջանակներում ոլորտը վերահսկողները փորձելու են կիրառել կանխարգելիչ միջոցառումներ և կարևորել կանանց առջնակի զննումը: Ակցիայի շրջանակներում առաջին անգամ մայրաքաղաքի 2 բժշկական կենտրոններում` Մուրացանի համալսարանական կլինիկայում և Մոր և մանկան պահպանման կենտրոնում միջին հասակի կանանց համար կիրականացվի օստիոպարոզի հետազոտություն:

Տարին մեկ անգամ իրականացվող նման ծրագրերի, կանայք գաղտնիք չէ, որ շատ են սպասում, ուստիև հոսքերից խուսափելն էլ անհնար է: Նախարարությունն այս խնդիրը հարթելու համար հորդորեց կանանց հետևել բուժօգնությունից օգտվելու ընթացակարգին: «Որպեսզի չլինեն կուտակումներ, մերժումներ, դժգոհություններ, ապա առաջին դուռը դա պոլիկլինիկան է`կանանց կոնսուլտացիան: Եթե մասնագետները կտեսնեն, որ կինը կարիք ունի այլ հետազոտությունների, կամ կկազմակերպվի տեղում, կամ էլ այդ եզրակացությամբ կուղեգրվի մասնագիտացված այլ բժշկական կազմակերպություն»:

Մասնագիտացված բժշկական կազմակերպությունը կգնահատի կնոջ վիճակը և նրա վերջնական եզրակացությունից հետո կորոշվի պետպատվերի շրջանակներում կազմակերպել նրա հիվանդության հետագա վարումը: Որևիցե խոչընդոտների քաղաքացիները չեն հադիպելու, վստահեցնում է Կարինե Սարիբեկյանը, և նշում, որ դիմելիության ու մասնագիտական հիմնավորման դեպքում ապահովելու են բոլորին: Գործընթացը կհամակարգվի ծրագիրը կազմակերպող կառույցների կողմից:

Ցուցադրել ավելի
Back to top button