ԿարևորՔաղաքական

77 ամյա «դիվերսանտի» հարցով հայկական կողմի հայցը պատրաստ կլինի ՄԻԵԴ դիմելու համար

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այնպես ստացվեց, որ կյանքի 77-րդ տարում Մամիկոն Խոջոյանը դարձավ «դիվերսանտ» եւ «հետախույզ»: Ահա այսպես ադրբեջանական քարոզչամեքենան ամբողջ աշխարհին ներկայացրեց գերեվարված հայ ծերունուն: Մամիկոն Խոջոյանն արդեն Հայաստանում է: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար եւ Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը այսօր լրագրողներին հայտնել է. նախաձեռնելու են աշխատանքներ իրավական ուղղությամբ` միջազգային ատյաններում, մասնավորապես դիմելու են Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան: Այս անգամ բոլոր փաստերը կան ապացուցելու Ադրբեջանի հանցանքը, համոզված է Լարիսա Ալավերդյանը:

Մոտ մեկ շաբաթից հայկական կողմի հայցն ընդդեմ Ադրբեջանի պատրաստ կլինի Մարդու իրավունքների Եվրոպական Դատարան դիմելու համար: Բոլոր փաստերը եւ հիմքերը կան այս անգամ հաջողության հասնելու, ասում է Լարիսա Ալավերդյանը` մանրամասն նշելով, թե ՄԱԿ-ի եւ հատկապես Ժնեւյան Կոնվենցիաների որ կետերն է խախտել Ադրբեջանը` գերեվարելով եւ իր մոտ պահելով 77 ամյա Մամիկոն Խոջոյանին:

Ժնեւյան կոնվենցիայի չորրորդ կետը սահմանում է հենց խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունների արգելքը: Այս գործի դեպքում հստակ փաստարկներ եւ ապացույցներ կան խաղաղ բնակչի նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգման եւ անձի արժանապատվության նսեմացման: Եվրոպական Դատարանում այս բոլոր կետերն առանձին-առանձին հստակ ձեւակերպում ունեն: Լարիսա Ալավերդյանը կարեւորում է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի վարկածը առաջին հերթին քննադատվել է հենց Ադրբեջանում: Ի դեպ` հայցը պատրաստողները դեռ չեն կարողանում հանդիպել Մամիկոն Խոջոյանի հետ, նա առայժմ Իջեւանի հիվանդանոցում է եւ դեռ բժիշկների միջամտության կարիքն ունի:

Ի դեպ` Լարիսա Ալավերդյանն ունի իր կարծիքը, թե ինչու է Ադրբեջանը համաձայնել վերադարձնել Մամիկոն Խոջոյանին: «Ադրբեջանում վախեցել են, որ հայ ծերունին կմահանա այնտեղ, իսկ դա ավելի մեծ հանցագործություն է»,- ասում է իրավապաշտպանը: Հնարավոր փոխհատուցումների մասին տիկին Ալավերդյանն առայժմ հստակ ոչինչ ասել չի կարող: Դրանով մասնագետները կզբաղվեն:

Ադրբեջանում գտնվող մեկ այլ գերիի` զինծառայող Հակոբ Ինջիգուլյանի գործով Լարիսա Ալավերդյանը լավատեսություն առայժմ չունի: Հավատացած է, որ Հակոբը Հայաստան չի վերադառնա, ուստի շատ արագ աշխատանքներ պետք է իրականացվեն նրան երրորդ երկիր տեղափոխելու ուղղությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button