ԿարևորՏնտեսական

Տնտեսագետ.«Դրամի հարաբերական կայունությունը մեծ դժվարությամբ է պահպանվում»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանյան որոշ զանգվածային լրատվամիջոցներ վերջին օրերին անդրադառնում են բանկերում արտարժութային ավանդների համար առաջարկվող տոկոսադրույքների նվազման եւ դրամով ավանդների տոկոսադրույքների բարձրացման հանգամանքին` եզրահանգելով, որ դա դրամի մոտալուտ արժեզրկման մասին է խոսում:

Ոմանց գնահատմամբ` նման վիճակ վաղուց գոյություն ունի եւ արտարժույթով ավանդների համար ցածր տոկոսներ սահմանելը վկայում է, որ իրականում Հայաստանի բանկային ոլորտում լուրջ ցնցումներ են սպասվում:

Տնտեսագետ Սամվել Ավագյանը, մեզ հետ զրույցում շեշտեց, որ միանշանակ չի կարելի է ասել, թե սպասվոըմ է դրամի կտրուկ արժեզրկում: Նրա խոսքով` դժվար է գտնել մեկին, որը նման վստահ կանխատեսում կարող է կատարել: Միաժամանակ տնտեսագետը նկատեց, որ բանկային համակարգում նման սպասումներ կան եւ այդպիսի սպասումների համար հիմքեր էլ կան:

«Այդ հիմքերից մեկն էլ այն է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ԿԲ-ին բավականին դժվարությամբ է հաջողվում պահպանել դրամի կայունությունը: Միայն փետրվար ամսիմ, եթե չեմ սխալվում, արդեն մոտ 50 մլն դոլարի ինտերվենցիա է իրականացվել ԿԲ-ի կողմից, որպեսզի դրամը շատ չարժեզրկվի»:

Վերլուծաբանը նկատեց, որ մեկ ամսվա ընթացքում 50 մլն դոլարի ինտերվենցիան բավականին մեծ թիվ է: Այսինքն` սա արդեն խոսում է այն մասին, որ դրամի հարաբերական կայունությունն արդեն իսկ մեծ դժվարությամբ է պահպանվում: Ավելին, Սամվել Ավագյանի ձեւակերպմամբ, այն նույնիսկ ամբողջությամբ էլ չի պահպանվում, քանզի մենք տեսնում ենք, որ փոքր արժեզրկում կա: Տնտեսագետը դրամի արժեզրկման սպասման մեկ այլ հիմքի մասին էլ խոսեց` կապված երկարատեւ գործոնների հետ: Խոսքը տվյալ դեպքում այն մասին է, թե Մաքսային միություն մտնելուց հետո ինչպիսին կլինի դրամ-ռուբլի փոխհարաբերությունների կարգավորումը: Այս պահին ռուբլին արագ արժեզրկվում է` նկատեց տնտեսագետը:

Այս երկու հիմքերով էլ բանկերում ձեւավորվել են դրամի արժեզրկման սպասումներ` ավելացրեց Սամվել Ավագյանը: Տնտեսագետի խոսքով, սակայն, դժվար է պնդել, թե դա հենց այդպես էլ կլինի եւ դժվար թե լինի մեկը, ով այդ մասին վստահաբար պնդի: Տնտեսագիտության թեկնածուն կարծում է, որ հենց այդ սպասումների հետեւանքով է, որ հատկապես 6 ամսից 1 տարվա դրամային ավանդների տոկոսադրույքները բարձրացվել են, քանի որ վարկավորում իրականացնելու համար ռեսուրսներ են անհրաժեշտ, իսկ էժան միջոցներ չեն կարողանում գտնել: Եթե կա դրամի արժեզրկման սպասում, ապա բանկերի համար ձեռնտու է մինչեւ անգամ 14 տոկոսով ավանդներ վերցնելը:

Ըստ տնտեսագետի` բանկերի համար ավելի հեշտ է էժան դոլարային ռեսուրսներ գտնելը եւ այդ պատճառով էլ` տոկոսներն իջեցրել են, քանի որ ռեսուրսներն արդեն համալրված են: Ըստ Սամվել Ավագյանի` Մաքսային միության գործընթացները դոլարի վրա կարճաժամկետ առումով ազդեցություն չեն կարող ունենալ, քանի որ Ռուսաստանում էլ դոլարիզացիայի մակարդակը բավականին բարձր է եւ այդ արտարժույթն ուժեղ է: Տնտեսագետի խոսքով` այդ առումով էլ որեւէ խնդիր չկա, քանի դեռ Ռուսաստանը հատուկ քայլեր չի իրականացնում այդ երկրում դոլարի ազդեցությունը թուլացնելու կամ դոլարիզացիան կտրուկ նվազեցնելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button