Հասարակություն

Ինչ հարցերով են զանգում «թեժ գիծ».ներկայացրել է ԱՆ աշխատակազմի ղեկավարը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Առողջապահության նախարարությունում գործող «թեժ գիծ» ծառայությունը այս տարվա երկու ամիսների ընթացքում ստացել է 1219 դիմում, այսօր լրագրողներին հայտնել է նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Ըստ պաշտոնյայի, ծառայությունը 2013 թվականի ընթացքում ստացել է  7001 դիմում և բողոք, ինչը 10 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Առողջապահության նախարարության կենտրոնական ապարատում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայությունը, որի նպատակն է քաղաքացիների և բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը, ի հայտ եկած խնդիրների օպերատիվ կարգավորումը, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը: Տարեց տարի այս ծառայությունից օգտվողների թվի աճը, ըստ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի, վկայում է դրա արդյունավետության մասին:

Ծառայությունը հասու է ինչպես հեռախոսակապի, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքային 528872 հեռախոսահամարով, [email protected] էլեկտրոնային հասցեով և Առողջապահության նախարարության համացանցային կայքում ՝ www.moh.am :

Հատկանշական է, որ ստացված դիմում բողոքների հետ կապված տեղեկատվությունը ամփոփվում է և ներկայացված է Առողջապահության նախարարության համացանցային կայքի «թեժ գիծ» բաժնում:

Առաջացած խնդիրների օպերատիվ լուծմանը նպաստում է ծառայության և մայրաքաղաքի բուժհաստատությունների միջև գործող ռադիոկապը, հայտնեց Սուրեն Քրմոյանը:
«Թեժ գիծ» ծառայությունում հիմնականում դիմում են մինչև 7 տարեկան երեխաների բուժսպասարկաման, դեղորայքի ապահովման, մասնագիտացված բուժօգնության տրամադրման և այլ հարցերով:

Ստացվող դիմումները և բողոքները մանրակրկիտ ուսումնասիրվում են, հավաստիացրեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը: Ըստ նրա, բողոքները լինում են ինչպես հիմնավոր, այնպես էլ անհիմն:
Ստացվող դիմում բողոքները օգնում են նաև կանոնակարգել բուժծառայության գործունեությունը, հավելեց Սուրեն Քրմոյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button