Տնտեսական

Կառավարությունն այս տարի էլ կշարունակի աջակցել գյուղացուն, եթե հողօգտագործողները նախապես վճարեն

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Գարունը տարերքի մեջ է»,-գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի բնութագրումն է. այսօր գյուղատնտեսության նախարարի չորս տեղակալները հանդիպել են լրագրողների հետ ու խոսել գյուղատնտեսական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին: «Կառավարությունն այս տարի էլ կշարունակի աջակցել գյուղացուն՝ մատչելի գնով պարարտանյութ, դիզվառելիք ու սերմացու տրամադրելով, միայն թե նախորդ տարվա նման հողօգտագործողները պետք է նախապես վճարեն»: 

Գյուղատնտեսական տարվան ընդառաջ. նախապատրաստվում են ոչ միայն գյուղացիները, այլ նաև ոլորտի պատասխանատուները: Նախորդ տարվա արդյունքները ոգևորիչ են: Միայն բուսաբուծության ոլորևտում աճը կազմել է 6,6, իսկ ոլորտինն ամբողջությամբ՝ 7,1 տոկոս: Պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ մեր երկրում տարեցտարի ավելանում են մշակովի հողատարածքներ, նախորդ տարի, օրինակ, շուրջ 35 հազար հա-ով: Սա ոլորտի պատասխանատուները կառավարության աջակցության հետ են կապում: Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է հռչակվել, իսկ պետությունն էլ դեմքով դեպի գյուղն է շրջվել:

Այս տարի էլ նախորդի նման հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ, դիզվառելիք ու սերմացու կտրամադրվի, միայն թե, գյուղացիները պետք է կանխիկ վճարեն, հակառակ դեպքում՝ նրանք չեն կարողանա օգտվել պետական աջակցությունից: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն այս մասին հատուկ ընդգծեց
«Ուզում եմ հողօգտագործողներին տեղեկացնել, որ պարարտանյութը, սերմացուն և դիզելային վառելիքը կմատակարարվի միայն ու միայն նախապես վճարումները կատարելու պայմանով, որպեսզի զերծ մնանք տարբեր շահարկումներից: Այս տարի որոշել ենք ոչ թե նախորդ տարվա նման նախապես մատակարարենք ու հետո գյուղացիները գումարները վճարեն, այլ հակառակը` վճարեն ու նոր մատակարարենք: Պատճառն այն է, որ որոշակի գումարների հավաքագրումը ձգձգվում է»:

Այս տարի ի դեպ, առաջին անգամ նաև ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութ կհատկացվի: Նշենք, որ հանրապետության մարզեր մեր այցելությունների ընթացքում ժամանակ առ ժամանակ գյուղացիներից փորձում ենք տեղեկանալ, թե արդյոք նրանք կարողանում են օգտվել պետության աջակցությունից,մշակում են իրենց հողատարածքները, թե ոչ հիմնականում ստանում ենք այսպիսի պատասխաններ՝ պարտք ենք անում, որ կարողանանք վերցնել:

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետորսյանը խոստովանում է՝ երբմեն գյուղացիներին մատուցված խորհրդակցությունները միշտ չէ, որ պատշաճ մակարդակով են կատարվում: Լոլիկի ու կարտոֆիլի ցեցի դեմ գյուղնախարարությունն այս տարի էլ կպայքարի, ցեցի դեմ պայքարը կարևորում են նախարարությունում:
Ռիսկային համարվող գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները դեռ ուղիներ են փնտրում, քննարկումներ անցկացնում, որպեսզի ի վերջո կարողանան ներդնել գյուղատնտեսության ապահովագրության ինստիտուտը: Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի փոխանցմամբ, այս տարի փորձնական ծրագիր կսկսվի, ապահովագրական ընկերությունենրից մեկը հետաքրքրված է, գյուղատնտեսական ապահովագրության ինստիտուտի ներդրումը գուցե անասնապահության ոլորտից սկսվի: Կարկուտի դեմ, ի դեպ պայքարը շարունակվում է հակակարտկային կայանների տեղադրման միջոցով: 2014-ին հանրապետությունում 80 նոր հակակարկտրային կայան կտեղադրվի, որից 50 Արմավիրի, մնացած 30 էլ՝ Արարատի, Լոռու և Արագածոտնի մարզերում:

Ցուցադրել ավելի
Back to top button