Հասարակություն

Թուրքագետը չի բացառում Թուրքիայում իշխանափոխության հավանականությունը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Թուրքիայում ընթացող ներքաղաքական զարգացումները չափազանց անկանխատեսելի են: Կոռուպցիոն սկանդալի հետևանքով չի բացառվում նույնիսկ իշխանափոխությունը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

Հարևան Թուրքիայում կատարվող իրադարձությունները բավականին տագնապալի էն վարչապետ Էրդողանի կառավարության համար: Ներկայիս թուրքական իշխանությունները հայտնվել են կոմպրոմատային պատերազմի էպիկենտրոնում, որը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնի, կարծում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

Ռեջեփ Էրդողանի ընդդիմադիր, ԱՄՆ-ում բնակվող գրող և նախկին իմամ Ֆեթուլահ Գյուլենի գլխավորած «Խիզմեթ» հասարակական շարժումը ձեռնակված արշավի հետևանքով ի հայտ եկավ կոռուպցոն սկանդալը, որի թելերը հասան և վարչապետին: Էրդողանը իր հերթին գիտակցելով, որ Գյուլենի ետևում կանգնած են ԱՄՆ իշխանությունները, ձգտում է ինքնուրույն կարգավորել ի հայտ եկած խնդիրները ամերիկյան վարչակազմի հետ, բացառելով բավական ազդեցիկ Գյուլենի գործոնը, նկատեց փորձագետը:

Եթե այնուամենայնիվ Վաշինգտոնի և Անկարային չհաջողվի հասնել փոխզիջումային լուծման, ապա չի բացառվում, որ Թուրքիայում տեղի կունենա իշխանափոխություն:

Ներքաղաքական առկա զարգացումների խորանալու պարագայում վտանգված կլինեն Ռեջեփ Էրդողանի նախագահական հավակնությունները: Առաջին անգամ ուղիղ նախագահական ընտրությունները Թուրքիայում կանցկացվեն օգոստոսին: Իսկ ահա մարտի 30-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Մինչ այդ հնարավոր են նոր սրացումներ: Այս ֆոնին որևէ տեղաշարժ հայ-թուրքական հարաբերությունների մեջ չարժե ակնկալել, առնվազն առաջիկա ամիսների ընթացքում, հավելեց թուրքագետը:

Ցուցադրել ավելի
Back to top button