ԿարևորՔաղաքական

Աշխատանքային չորս խումբ` գազային հանձնաժողովում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանական գազային հանձնաժողովն այսօր երկրորդ նիստն է հրավիրել: Ինչպես առաջին նիստի ընթացքում, այսօր ևս աշխատակարգին վերաբերող հարցեր են քննարկվել: Երկուշաբթի տեղի ունեցած նիստին, հիշեցնենք, հանձնաժողովը նախագահ և փոխնախագահ էր ընտրել: Ինչպես սպասվում էր, հանձնաժողովը ղեկավարելու է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դավիթ Հարությունյանը, փոխնախագահը ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն է: Այսօրվա նիստում հանձնաժողովը 4 աշխատանքային ենթախումբ է ձևավորել: Դրանք ուսումնասիրելու են գազամատակարարման ոլորտին վերաբերող այն հարցերը, որոնք ընդգրկված են հանձնաժողովի ստեղծման որոշման մեջ:

Խորհրդարանական գազային հանձնաժողովն արդեն երկրորդ նիստն է նվիրում աշխատակարգային հարցերին: Այս շաբաթվանից իր գործունեությունը սկսած հանձնաժողովը, հիշեցնենք, 10 անդամ ունի: Նրանցից 5-ը կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչներ են, 5-ը՝ ոչ կոալիցիոն: ՀՀԿ-ն հանձնաժողով է գործուղել ԱԺ 3 մշտական հանձնաժողովների նախագահներին՝ պետաիրավականի նախագահ Դավիթ Հարությունյան, նա ի դեպ ղեկավարելու է նաև գազային հանձնաժողովը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, բյուջետային և ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին: Հաձնաժողովում 4-րդ հանրապետական պատգամավորը Խոսրով Հարությունյանն է, ՕԵԿ-ի ներկայացուցիչը Հովհաննես Մարգարյանն է: Ոչ իշխանական պատգամավորներից երկուսը ԲՀԿ-ից են՝ Միքայել Մելքոնյան և Գուրգեն Արսենյան, մյուս երեք խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը և Դաշնակցությունը հանձնաժողովում ունեն մեկական ներկայացուցիչ՝ Արամ Մանուկյան, Ռուբեն Հակոբյան և Աղվան Վարդանյան: 

Գազային հանձնաժողովը երկրորդ նիստն այսօր գումարեց ամբողջական կազմով: Իսկ նիստի ընթացքում, Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, որոշվեց, թե պատգամավորներից ով աշխատանքային 4 ենթախմբից որում է աշխատելու:

«Այն հարցերը, որոնք նշված են ԱԺ որոշման մեջ, բաժանել ենք 4 խմբի և յուրաքանչյուրի հետ կապված աշխատանքային խումբ ենք ձևավորել: Սա չի նշանակում, որ տվյալ հարցով միայն այդ աշխատանքային խումբն է զբաղվելու, յուրաքանչյուրն ազատ է մասնակցելու ցանկացած խմբի աշխատանքին»:

Գազային հանձնաժողովի 4 ենթախմբերից մեկը զբաղվելու է գազի ջերմատվության ու կալորիականության, երկրորդը` կուտակված 300 մլն պարտքի օրինականության, երրորդը` այլընտրանքային ներկրման և տարանցիկ փոխադրման հնարավորությունների, իսկ չորրորդը`գազի սակագնի ձևավորման հարցերով:  Դավիթ Հարությունյանն, օրինակ, սակագնի հարցով զբաղվել պատրաստվող ենթախմբում: Այդ նույն խմբում է նաև ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը:

«Քանի որ ես վերջին շրջանում խորացել եմ սակագնի հետ կապված հարցերի մեջ, հենց այդ խմբում էլ ընդգրկվել եմ: Սակագնի հարցը կարծես պատգամավորներին ամենից շատն էր հետաքրքում, այստեղ աշխատել ցանկացողները մեծ թիվ կազմեցին»:

Հանձնաժողովի նիտերը փակ են լրագրողների համար, փոխարենը բաց են յուրաքանչյուր, այդ թվում հանձնաժողովի անդամ չհանդիսացող պատգամավորի համար: Սա Արամ Մանուկյանը ճկուն մեխանիզմ է համարում, ինչպես և ենթախմբերով աշխատելը:

Բովանդակային հարցերի քննարկման հանձնաժողովը դեռ չի հասել: ՀԱԿ ներկայացուցիչն առայժմ տպավորություն ունի, որ հանձնաժողովը հակված է աշխատել:

«Իմ նախնական տպավորությունն է, որ հանձնաժողովն ուզում է աշխատել եւ ձգձգելու մոտիվ էլ չկա: Հետո`կտեսնենք»:

Հանձնաժողովը մտադիր է նիստեր հրավիրել ամեն շաբաթ, աշխատանքային խմբերը, ենթադրվում է, որ ավելի հաճախ կհանդիպեն: Ի սկզբանե նախատեսվում էր, որ գազային հանձնաժողովն աշխատելու է նաև հաջորդ նստաշրջանի ընթացքում և իր ուսումնասիրության արդյուքներն ամփոփող եզրակացությունը ներկայացնելու է մինչև նոյեմբերի 8-ը: Ոչ իշխանական ուժերը, սակայն, դեմ էին այս ժամկետին՝ այն ձգված համարելով: Արդյունքում որոշվեց, որ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը կգործի գարնանային նստաշրջանի ընթացքում և իր եզրակացությունը խորհրդարանին կներկայացնի մինչև դրա ավարտը:

Ցուցադրել ավելի
Back to top button