ԿարևորՀասարակություն

Այսօր Սպարապետը կդառնար 55 տարեկան

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսայանի ծննդյան 55-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն այսօր մեկնարկել են Եռաբլուրում, որտեղ հանրպետության վարչապետը, պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի, ԵԿՄ վարչության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու բազմաթիվ ազատամարտիկներ ծաղիկներ են խոնահերլ ու հարգանքի տուրք մատուցել Վազգեն Սարգսյանի շիրմին, որից հետո պանթեոնի մատուռի հարակից տարածքում տեղի է ունեցել հանդիսավոր միտինգ ու պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողություն:

Վազգեն Սարգսայանի ծննդյան 55-րդ տարեդարձն այսօր Եռաբլուրում նշանավորվեց նաև պատանի երկրապահների երդման արարողությամբ: Նոր սերունդը գալիս է ապացուցելու, որ երկրապահի հիմնադիր, հայոց բանակի ճարտարապետ ու Սպարապետ Վազգեն Սարգսյանի արժանի հետնորդն է: Իրականում արցախյան պատերազմն էր, որ արձակագգիր Վազգեն Սարգսյանին զինվոր դարձրեց: Պարզապես նա առաջինն էր, որ հասկացավ՝ զենքի մեջ է հայի փրկությունը: Ու գնաց՝ ետևից տանելով հազարավորներին: Նրանցից շատերն այսօր համալրում են երկրապահի շարքերը, ավագների կողքին նոր սերունդն է, որը երդվում է ծառայել հայրենիքին նույն սիրով, նույն անձազոհությամբ:

Վազգեն Սարգսյանի մտերիմները հաճախ են կրկնում՝ նրա միակ սերը հայրենիքն էր, իսկ սիրո պտուղը՝ հայոց բանակը: Նա հասարակական-քաղաքական գործիչ էր, ՀՀ վարչապետ, պաշտպանության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ: Նրան կարելի է բնութագրել՝ վկայակոչելով բազմաթիվ պարգևներն ու զբաղեցրած պաշտոնները, բայց ամենադիպուկն ու պատվաբերն այն կոչումն է, որը շնորհեց նրան ժողովուրդը՝ Սպարապետ: Սպարապետի ծննդյան հոբելյանական հանդիսությունը Եռաբլուրում նշելու փաստը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր որակեց ՝ խորհրդանշական:

«Դարը շուռ է գալիս: Էջ ենք թերթում, նոր էջ ենք գրելու: Մեր ձեռքով, ուրիշի թելադրանք չի լինելու: Հազարամյակ է փոխվում: Դա էլ իր ներքին արձագանքն է ստանալու մեր ինքնագիտակցության մեջ, հոգեբանության, ենթագիտակցության: Մենք զգայական ազգ ենք և միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս: Շատ հաճախ զգայականությունն օգնում է: 21-րդ դարը մերն է լինելու»,-ասում է Վազգեն Սարգսյանը: Այսօր նա կդառնար 55 տարեկան:

Կարդացեք նաև
Close
Back to top button