ԿարևորՄիջազգային

Պուտին.«Կիևի նոր իշխանությունները չունեն համազգային մանդատ՝ երկրի ապագան որոշելու համար»

Ռուսաստանի նախագահի նստավայրում քիչ առաջ ավարտվել է Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը: Գլխավոր թեման Ուկրաինայի իրադարձություններն են: Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան ֆինանսապես կաջակցի Ղրիմին: Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը լեգիտիմ չէ, իրավական տեսանկյունից երկրի օրինական նախագահը Վիկտոր Յանուկովիչն է:

Ուկրաինայում տեղի է ունեցել սահմանադրական հեղաշրջում և իշխանության բռնազավթում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այսօր իր նստավայրում հրավիրած ասուլիսի ժամանակ Պուտինը Վիկտոր Յանուկովիչին անվանել է Ուկրաինայի օրինական նախագահ: «Յանուկովիչի լեգիտիմությունը անվիճելի փաստ է, իսկ նրա հեռացումն իշխանությունից՝ ներկայացում: Յանուկովիչն իր կյանքն է պահպանել՝ Ռուսաստան գալու որոշում ընդունելով»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Անդրադառնալով Ղրիմի խնդրին, Պուտինը ստեղծված իրավիճակի համար մեղադրել է Ուկրաինայի նոր իշխանություններին, որոնք, նրա բնորոշմամբ, հակասահմանադրական քայլերով ներքաշել են երկիրը քաոսի մեջ: Ինչ վերաբերում է ինքնավարություն զորք մտցնելուն, Պուտինն ասել է, որ այժմ նման անհրաժեշտությունի չի տեսնում, սակայն հնարավորությունները առկա են:

«Մենք ունենք Ուկրաինայի լեգիտիմ նախագահի խնդրանքը երկրի քաղաքացիներին պաշտպանելու նպատակով ռուսական ռազմական աջակցության մասին: Մենք տեսնում ենք, որ այդ երկրում իշխում են նեոնացիստներն ու ազգայնականները»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինի խոսքով Կիևի նոր իշխանությունները չունեն համազգային մանդատ՝ երկրի ապագան որոշելու համար: Անդրադառնալով Արևմուտքից Մոսկվայի հասցեին հնչող սպառնալիքներին պատժամիջւոցների կիրառման մասին, Պուտինը հայտարարել է, որ դրանց հետևանքներից պետք է վախենան հենց իրենք՝ պատժամիջոցներ նախաձեռնողները:

Ցուցադրել ավելի
Back to top button