ԿարևորՏնտեսական

ՀՀ վարչապետ.«Ինտելեկտուալ խավը շարունակելու է արտագաղթել, կառավարությունը պատք է գտնի խնդրի լուծումը»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Աղքատություն, գործազրկություն, արտագաղթ. Հայաստանի տնտեսության առջև ծառացած հիմնական մարտահրավերներն են: Դրանք արտացոլված են Հայաստանի ազգային մրցունակության զեկույցում: Հայաստանում գործազրկության իրական մակարդակը 17 տոկոս է, չնայած մեր երկրի բնակչության կեսից ավելին ունի բարձրագույն կրթություն ու Հայաստանն այս ցուցանիշով նույնիսկ գերազանցում է ավելի բարձր եկամտի մակարդակ ունեցող մի շարք երկրների, միևնույնն է, գործազուրկների մեջ բուհ ավարտածները տեսակարար կշիռ են զբաղեցնում: Գործատուների 90 տոկոսը կարծում է, որ աշխատուժի որակն ու շրջանավարտների անբավարար կրթական մակարդակը կարող են ոլորտի աճի խոչընդոտ հանդիսանալ:

Երիտասարդները բուհն ավարտում են, սակայն, չունեն համապատասխան գիտելիքներ, որպեսզի աշխատանքի անցնեն: Տնտեսություն և արժեքներ հետազոտական կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանը թվարկեց տնտեսության զարգացման հիմնական մի քանի խոչընդոտները, դրանցից մեկը մարդկային կապիտալի ցածր որակն է.«Անկատար մրցակցային միջավայրն է, անհավասար, մրցակցային դաշտը և ստվերային տնտեսությունը ստեղծում են բազմաշերտ անբարենպաստ ազդեցություններ: Հնարավորությունների բացահայտման պակաս է նկատվում, Հայաստանի աճի հեռանկարները միանշանակորեն կապված են արտահանման հետ և այսօրվա մեր արտահանման և օտարերկրյա ուղղակի ներդրումները արտահանման նոր հնարավորություններ չեն ստեղծում: Չորրորդը՝ միաչափ ֆինանսական համակարգն է»:

«Հավասար, արդար ու մրցակցային միջավայրի ձևավորում, որը Հայաստանի կառավությանը դեռ չի հաջողվել: Մեր երկրի տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտներից մեկն է ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու եթե այն չձևավորվի, ապա կառավարությունը հինգ տարի հետո կարձանագրի՝ ծրագրի իրականացումը ձախողել է:
Միջին խավի ձևավորում, առանց որի քաղաքացիական հասարակության չի ձևավորվի, սա էլ կառավարության մյուս առաջնահերթությունն է. «Սա ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական լուրջ բովանդակություն ունեցող հարցադրում է, քանի որ քաղաքացիական հասարակություն չի կարող ձևավորվել առանց միջին խավի, իսկ դա նշանակում է, որ չի կարող ստեղծվել դեմոկրատական հասարակություն, իսկ շուկայական տնտեսությունն առանց դեմոկրատական հասարակության, ապագա չունի: Այդ խնդիրները փոխկապակցվածության մեջ են տնտեսական ու քաղաքական և դա մեր կարևորագույն մարտահրավերն է:

Ինտելեկտուալ կարողությունների ձևավորումը ևս կարևոր է: «Հայաստանը բարձր որակավորում ունեցող մասնագետների կարիք ունի, նրանց համար նաև պետք է հավասար մրցակցային պայմաններ ստեղծվեն, հակառակ դեպքում՝ կառավարության ղեկավարն էլ գիտի՝ նրանք հեռանալու են երկրից, այլ կերպ ասած, ինտելեկտուալ խավը շարունակելու է արտագաղթել: Գործադիր մարմնում քննարկել ու հետևյալ եզրահանգմանն են եկել.

«Առանց կառավարության աջակցության հնարավոր չէ այս փակուղուց դուրս գալ, կառավարությունն այլևս իրավունք չունի ձեռքերը լվանալ և ասել, որ բիզնեսն ինքը պետք է կարողանա գտնել խնդիրների լուծումները, կառավարությունը թող պատերազմ տա մեկ այլ դաշտում, այն է՝ միջավայրի ձևավորում: Մենք որոշում կայացրեցինք, որ այսուհետև կառավարությունը մասնավոր հատվածի հետ միասին պարտավոր է իրականցանել իր արդյունաբերական քաղաքականությունը»:

Վարչապետը հիշեցրեց արդյունաբերական քաղաքականությունն ամբողջովին փոխվել է, արտահանման խթանմանն ուղղված 11 ճյուղ գերական է հռչակվել, դեղագործության ոլորտում հաջողություններն ակնհայտ են՝ արտահանման ծավալներն ավելացել են տարեկան 35 տոկոսով: Վարչապետի ելույթը լսեցին տնտեսագետներ, դահլիճում էր նաև Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ելույթի ավարտից հետո Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց.«Ես համաձայն եմ պարոն վարչապետի ներկայացրած խնդիրների հետ, անհամաձայնության ամենամեծ դաշտն ապահովում են առաջարկվող լուծումները»:

Իսկ ես հավելեմ, որ Հայաստանի տնետսության զարգացման ու մրցունակության խոչընդոտներին անդրադրձ կատարվեց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի և Ի-Վի Քոնսալթինգ ընկերության հրապարակած Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսի ժամանակ: Այն թվով հինգորերդ զեկույցն էր:

Ցուցադրել ավելի
Back to top button