Քաղաքական

Կատարվել է Ղրիմի օկուպացիա, համոզված է Դավիթ Շահնազարյանը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ուկրաինական իրադարձություններին եւ Ղրիմում ստեղծված իրավիճակին են լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադարձել «Կովկաս»-ի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Ուկրաինայում եւ Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններին արևմուտքի վերաբերմունքին անդրադառնալով` «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ արևմուտքի ամենամեծ սխալն այն է, որ չի ուզում համակերպվել մի փաստի հետ, Շահնազարյանի ձեւակերպմամբ, «վերածնվել է «չարիքի կայսրությունը»` հանձին այսօրվա Ռուսաստանի, որն ավելի վտանգավոր է, քան սովետական միությունը»:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, մինչդեռ, ամեն ինչ էլ սպասելի էր: Նրա խոսքով` Ուկրաինայում դիտարկվում է կառավարության և պետության փլուզում եւ ակնհայտ է, որ նման պայմաններում Ռուսաստանը պիտի ունենար իր խաղը և դրա մի զգալի մասը պիտի լիներ հենց Ղրիմում: Կովկասի ինստիտուտի տնօրենի խոսքով` հենց սկզբից էլ ոչ միայն Ուկրաինայում, այլեւ դրանից դուրս հասկանում էին, որ Ղրիմում նման արձագանք-զարգացումներ են լինելու:

Իշխանության փլուզման, պետության անկման նման իրավիճակներով բնական եւ սպասելի էր այն, ինչ տեղի է ունենում Ղրիմում` շեշտեց Կովկասի ինստիտուտի տնօրենը:

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, մինչդեռ, համոզված է, որ այն, ինչ տեղի է ունենում Ղրիմում, Ռուսաստանի կողմից կատարված ագրեսիա է Ուկրաինայի նկատմամբ:

«Կատարվել է Ղրիմի օկուպացիա և այնտեղ տեղի ունեցողը Ռուսաստանի կողմից սադրված գործողություններ են»:
Ռազմավարական առումով հետևանքները Ռուսաստանի համար կործանարար են լինելու` համոզված է Դավիթ Շահնազարյանը: Նրա դիտարկմամբ` երեկ Ռուսաստանը կորցրեց շատ ավելին, քան ծախսել էր Սոչիի օլիմպիական խաղերի համար: Դավիթ Շահնազարյանի ձեւակերպմամբ` Ուկրաինայի ներկայիս լեգիտիմ ղեկավարությունը բավական խելամիտ է իրեն պահում` բախում թույլ չտալով իրենց զինվորականների և ռուս զավթիչների միջև:

Շահնազարյանը համոզված է առաջիկա 72 ժամում ականատես կլինենք որևէ որոշիչ իրադարձության: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, սակայն, նկատելով, որ այս պահին էլ ընթանում են բանակցային գործընթացներ, կարծիք հայտնեց, որ որեւէ մի պատերազմ չի լինի:

Ցուցադրել ավելի
Back to top button