Հասարակություն

Ամփոփվել է ձմեռային զորակոչի արդյունքները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մեկ ամիս առաջ ավարտվեց ձմեռային զորակոչը: Այս ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդում գործող բողոքարկման հանձնաժողովը քաղաքացիներից ստացել է 172 դիմում: Քննարկելով դրանք, հանձնաժողովը 105 դիմումի մասով ներկայացրել է միջնորդագրեր զորակոչային մարմիններ, մեկ երրորդը բավարարվել է: Ձմեռային զորակոչի արդյունքները ամփոփել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Առաջին անգամ մեր երկրում անցկացվեց ձմեռային զորակոչը, որով ամբողջացավ անցումը գարնանային-աշնանային ձևաչափից դեպի ամառային-ձմեռային: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվեց ապահովել զորակոչիկների անվտանգ տեղափոխումը զորամասեր: Ցուրտ ժամանակաշրջանում շատ տեղերում արձանագրվեց սուր շնչառական հիվանդությունների և թոքաբորբի տարածում: Ցավոք, հիվանդ զինվորներից մեկի կյանքը չհաջողվեց փրկել:

Ինչպես պարզվեց, եղած դեղորայքը իր որակական չափանիշներով չէր համապատասխանում ի հայտ եկած մարտահրավերին, նշեց պարոն Հարությունյանը: Ըստ նրա, վիճակը շտկելու համար գործնական քայլեր պետք է ձեռնակվեն հետագայում նման համաճարակներից խուսափելու համար:

Ի դեպ, զորկոչիկների և զինծառայողների առողջական խնդիրների կարգավորումը հայտնվել է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Այլևս զորակոչիկները պատվաստվելու են ոչ թե հավաքակայանում, այլ տարածքային պոլիկլինիկաներում՝ զորակոչից մի քանի ամիս առաջ, ինչը կապված է օրգանիզմի դիմադրողականության բարձրացման հետ: Օրերս պաշտպանության և առողջապահության նախարարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեց քաղաքացիական բուժհաստատություններում ամբողջական և արդյունավետ բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների կազմակերպման և անցկացման հարցը: Այս պարագայում հնարավոր կլինի խուսափել անցանկալի լարվածությունից և ավելորդ ծախսերից:

Նախազորակոչիկները՝ 16 տարեկան հասակում անվճար հիմունքներով կեթարկվեն էլեկտրասրտագրության և ներքին օրգանների սոնոգրաֆիայի, ինչը մինչ օրս չէր կատարվում:
Առողջական խնդիրների բացահայտումից զատ կարևոր է և բուժումը: Այս մասով ևս կան բազում խնդիրներ, շեշտեց նախարարի խորհրդականը:
Ըստ պարոն Հարությունյանի, շատ դեպքերում նազորակոչիկները և զորակոչիկները չեն օգտվում հետազոտության և բուժման ուղեգրերից:

Ցուցադրել ավելի
Back to top button