Քաղաքական

Շավարշ Քոչարյան.«Անկախ Ուկրաինայի ընտրությունից, Հայաստանը շարունակելու է իր դիվանագիտական հարաբերությունները»

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ուկրաինայում տիրող իրավիճակը արդեն վերածվել է միջազգային խնդրի: Ոչ ուղղակի, բայց որոշ ազդեցություն դա կարող է թողնել նաեւ Հայաստանի վրա` հաշվի առնելով, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը այժմ ակտիվ գործունեություն է ծավալում այդ երկրում:

«Այնպես չէ, որ Հայաստանը որեւէ գնահատական չի տվել Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ եւ հապաղում է` սպասելով ինչ որ հստակեցման»: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հիշեցնում է. պաշտոնական գնահատական հնչել է շուրջ 10 օր առաջ:

«Անկախ նրանց, թե Ուկրաինան ինչ որոշում կկայացնի Եվրոպական Միության և Մաքսային միությանն անդամակցելու հարցում, Հայաստանը շահագրգիռ է շարունակելու դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ: մենք մեր հարաբերությունները շարունակելու ենք անկախ Ուկրաինայի ընտրությունից, մենք դա բազմիցս ասել ենք»:

Հաշվի առնելով, որ Ռուսաստանը որոշակիորեն արդեն հակամարտության կողմ է դառնում, արդյոք այդ պետության դիրքորոշումը կազդի Հայաստանի դիրքորոշման վրա` հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը սերտացնում են իրենց հարաբերությունները եւ մտնում են ընդհանուր դաշտ: «ՀՀ շահագրգիռ է, որպեսզի Ուկրաինայում առաջացած ճգնաժամը խաղաղ լուծում ստանա»:

Արդյոք Մաքսային Միության գործընթացների վրա կազդեն ուկրաինական իրադարձությունները` հաշվի առնելով Միության ստեղծման նախաձեռնող` Ռուսաստանի, շահագրգռվածությունը եւ մասնակցությունը Ուկրաինայում: Հայ քաղաքական գործիչները դեռ չեն պատկերացնում, թե ինչ կարող է լինել, բայց որ ազդեցություն լինելու է աշխարհաքաղաքական զարգացումների վրա` հաստատ է:

Դաշնակցական Աղվան Վարդանյանը հույս ունի, որը կողմերը ի վերջո համաձայնության են գալու: Խոսքը ոչ թե ներսի ուժերի մասին է, այլ` դրսի ուժային կենտրոնների:  «Ռուսաստանը եւ Ուկրաինան պետք է իրար հետ լեզու գտնեն, որ երկիրը չտրոհվի»:

Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը այսօր չի նախանձում ոչ Ուկրաինային, ոչ էլ Ուկրաինայի ժողովրդին: Հետեւոլեվ ուկրաինական զարգացումներին` մեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները չեն ցանկանում զուգահեռներ անցկացնել: Նշում են. այո, խնդիրներ կան, բայց ուրիշ լուծումներ պետք է առաջարկվեն:

Իսկ ՀԱԿ դիրքորոշումը պարզ է շաբաթօրյա հանրահավաքից: Հայ ընդդիմադիրներն, ընդհանուր առմամբ չեն նախընտրում Ուկրաինայի ճանապարհը:

Ցուցադրել ավելի
Back to top button