Հասարակություն

Մեկնարկել է միասնական եւ կենտրոնացված քննությունների առաջին փուլի հայտագրումը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Փետրվարի 1-ից մեկնարկել է միասնական եւ կենտրոնացված քննությունների առաջին փուլի հայտագրումը: Քննություններին մասնակցելու համար դիմորդը պետք է լրացնի դիմում-հայտ իր բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային կրթության վարչություն: Դիմում հայտերի ընդունման վերջին ժամկետը մարտի 15-ն է, որին հաջորդելու է տվյալների բազավորման եւ ճշգրտման փուլը:

Փետրվարի 1-ից մեկնարկած միասնական եւ կենտրոնացված քննությունների առաջին փուլի հայտագրումը կշարունակվի մինչև մարտի 15-ը: Սա ոչ թե մասնագիտությունների, այլ առարկաների հայտարումն է: Առաջին փուլում դիմում հայտ կարող են լրացնել դպրոցների այս և նախորդ տարիների շրջանավարտները: 2013-2014 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում: Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է 3×4 չափի լուսանկար, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցել 1500-ական դրամ և վճարի անդորրագիրը կցել դիմում-հայտին:

Հիշեցնենք, որ միասնական քննությունների վճարներից ազատվում են պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք: Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի տեղեկացմամբ` այս տարի փորձնական կիրառելու են դիմում-հայտի լրացման էլեկտրոնային տարբերակը:

Այսպիսով` մարտի 15-ից տվյալների բազավորման եւ ճշգրտման փուլն է, որի ժամանակ շրջանավարտն իրավունք ունի ընդհանրապես հրաժարվել նախապես որոշած քննությունից և նոր դիմում հայտ լրացնել: Ճշգրտման փուլից հետո արդեն վերջնական տվյալները կուղարկվեն Լոնդոն տվյալ առարկայի թեստերի տպագրության թվի նպատակով: Թե մոտավեր քանի դիմորդ կլինի այս տարի, Գնահատման և թեստավորման կենտրոնից դժվարանում են ասել, միայն Արա Իսպիրյանը հայտնեց, որ բաժանել են շուրջ 17.000 դիմում հայտ: Այդքան դիմում հայտ էլ լրացվել է անցյալ տարի, իսկ դա նշանակում է, որ դիմորդների թվի շեղում առանձնապես չի լինի:

Ցուցադրել ավելի
Back to top button