ՀասարակությունՏեսանյութ

Այսօր մեծանուն գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան օրն է

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

172 տարի առաջ այս օրը ծնվել է հայ գործարարության նահապետ, խոշորագույն նավթարտահանող և մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը: Այսօր նրա տարեդարձը նշել են մի խումբ հայ գործարարներ՝ ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհելով մայրաքաղաքի կենտրոնում գտնվող մեծ հայի հուշարձանին: Մանթաշյանցի ազգանվեր գործունեությունը կարևորեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Մերօրյա գործարարների համար Մանթաշյանցի կերպարը պետք է օրինակելի լինի, հատկապես սոցիալապես պատասխանատվության առումով, որպեսզի հասարակությունը նրանց ընդունի որպես աշխատանք ստեղծողների և հարկերով պետություն պահողների, նշեց պարոն Ղազարյանը:  Խոշոր հայ գործատուների թվում ևս կան բարերարներ, նկատեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը:

Բարեգործական ծրագրեր իրականացնում է և միությունը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Շատ նման միջոցառումների մասին լայն հասարակությունը տեղյակ չի լինում: Այսպես էր վարվում և ինքը՝ Մանթաշյանցը, նշեց բարերարի մասին ֆիլմի հեղինակ, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

Ի դեպ, երկու տարի առաջ հուշարձանի բացմանը Փարիզից ժամանել էր մեծ բարերարի թոռը՝ Ալեքսանդր Մանդաշյանց-կրտսերը: Ըստ նրա, պապի մեծ ունեցվածքից բան չի մնացել: «Կա նման արտահայտություն, երբ գումար են խնդրում, պառասխանում են՝ ես Մանթաշյանցի թոռը չեմ: Պիտի իմանաք, որ Մանթաշյանցի թոռը իրականում շատ համեստ է ապրում»:

Ցուցադրել ավելի
Back to top button