Մշակույթ

Ամեն տարի քայլ առաջ` դեպի հաջորդ գարուն. բացվել է Նելլի Գևորգյանի ցուցահանդեսը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Գարնանամուտին և կանանց միամսյա տոնին ընդառաջ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կնոջը նվիրված իր կոլաժներն էր մեկտեղել ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանը, ով ամեն տարի տարբեր ոճերում է փորձում ներկայացնել կնոջ առանձնահատկությունները: Ամեն տարի քայլ առաջ` դեպի հաջորդ գարուն, այսպես են բնորոշել նկարչուհու գործունեությունն իր արվեստաբան ընկերները:

11 տարի շարունակ ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանը գարնանամուտը և կանանց միամսյա տոնը նշանավորում է կոլաժային ցուցանմուշների ներկայացմամբ: Կինը` կնոջ հայացքով: Այսպես կարելի է վերնագրել հեղինակի 3 տասնյակից ավելի գործերը: Ծաղկաթերթեր, ապակի, թուղթ, փայտ, տարատեսակ կտորեղեն, կանանց բնորոշ զարդանմուշներ: Կոլաժային աշխատանքներին բնորոշ նյութեր, որոնց միջոցով կերտված կինը հյառնում է մեր առջև իր մտորումներով և անուրջներով, գարնան զարթոնքին համահունչ ժպտադեմ կերպարով և մեզ հեռուն տանող իր կենսախինդ ասելիքով: Նելլի Գևորգյանի հավաստմամբ` տարիների հոգեբուխ մղումներն իր մոտ շատ ավելի արտահայտիչ են դառնում բնական նյութերի օգտագործմամբ:

«Ամեն ինչից ես պատրաստել եմ, այսինքն ով ինչ ինձ տրամադրում է դրանցի էլ պատրաստում եմ: Աշխատում եմ ձմռանը մեկ ամիս: Այս տարի ներկայացրել եմ 38 աշխատանք, այս տարվա ցուցահանդեսի ոճը փոխվել է, և ոչ մի հին աշխատանք ներկայացված չէ»:

Գարնանաշունչ երանգներով արարող ու սեթևեթող հայ և օտարազգի տիկնայք, որոնց կենարար ակնթարթի դաջվածքը առանձնահատուկ հետք է թողնում այցելուների տպավորություններում:

Ամեն տարի քայլ առաջ դեպի հաջորդ գարուն, այսպես կարելի է բնորոշել Նելլի Գեւորգյանի գործունեությունը: Գարնան մեջ գարնան տարազ հագած կնոջ ինքնատիպ դրսևորումներն ապացուցում են, որ որ քիչ խոսքով, որակյալ մտահայեցմամբ կարելի է ներկայանալ բոլորեքյան գույներով:

Ցուցահանդեսը կգործի Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կանաց միամսյա տոնի ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button