Հասարակություն

Սրբոց Վարդանանց նվիրված հանդիսություն` Մայր Աթոռում

Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում նախօրեին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել հանդիսություն` նվիրված Սրբոց Վարդանանց զորավարների տոնին:

Ցերեկույթը կազմակերպվել էր Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողների կողմից, տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի բաժնից:

Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի և ԵՊՀ դասախոսներ, Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ:

Հանդիսությունը բացվել է Տերունական աղոթքով, հնչել են ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը, ապա բացման խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը` ուրախություն հայտնելով, որ արդեն հինգ տարի է, ինչ ճեմարանն ու Երևանի պետական համալսարանը միասնաբար են ոգեկոչում Վարդանանց անմահ նահատակների հիշատակը:

«Վարդանանց ոգեկոչումը հայ ազգի համար ավելին է, քան տոնը. ժողովուրդն անմահացրել է Վարդանանց հիշատակը, այն դարձրել իր դարավոր պայքարի հիմնը»,- նշել է տեսուչ Սրբազանը:

Ներկաներին այս առիթով ողջունել է նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:

Հանդիսության ավարտին ներկաներին իր պատգամն ու օրհնությունն էր բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` գոհություն հայտնելով Աստծուն, որ այսօր Վարդանանց տոնը տոնախմբվում է ոչ միայն Սփյուռքի մեջ` ազգային մեր հաստատություններում, այլ նաև Մայր հայրենիքում, հոգևորականների, ճեմարանի սաների և համալսարանական ուսանողների հետ: Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ ապագային Վարդանանց տոնը կնշվի ամենուրեք, որովհետև դարեր շարունակ Վարդանանց ոգին է առաջնորդել հայ ժողովրդին և զորություն տվել` դիմակայելու կյանքի բոլոր դժվարություններին և կերտելու հայոց պատմության հաղթանակները:

Ցուցադրել ավելի
Back to top button