Հասարակություն

Մասնագետ.Վերջին օրերի հաքերային գրոհները խոսում են մեր կիբեռտարածքի խոցելիության մասին

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ադրբեջանցի հաքերների շարունակական հարձակումները հայկական կայքերի վրա բացահայտել են մեր կիբեռտարածքի խոցելիությունը: Օրեր առաջ արձանագրված լայնամասշտաբ գրոհը, ըստ ոլորտի մասնագետների, վկայում է նաև շատ կայքատերերի անփութության և անուշադրության մասին, ինչի արդյունքում տուժում է հայաստանյան համացանցային հատվածը:

Շարունակվում է ադրբեջանցի հաքերների վերջին հարձակման հետաքննությունը: Հիշեցնենք, որ նրանց հաջողվել էր վերահասցեագրել մոտ 300 հայկական կայքերը՝ Խոջալուի դեպքերի տարելիցին նվիրված և հակահայկական քարող բովանդակող համացանցային էջի վրա: Նախօրեին ADC ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Կարեն Սարգսյանը հայտարարել էր, որ հաքերները օգտվել էին «Արմինկո» ընկերության տեխնիկական տվյալներից: Այսօր նա ստիպված էր հերքել այդ հայտարարությունը՝ հիմնվելով հետաքննության նոր տվյալների վրա:

Փաստացի ականատես ենք դառնում վիրտուալ տարածքի անվտանգության հանդեպ պատշաճ ուշադրության բացակայության: Նման մոտեցումը այսօր անընդունելի է, նկատեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ, համակարգչային պատահարներին արձագանքող թիմի ղեկավար Գրիգոր Սաղյանը: Վեբ-կայքերի պաշտպանության միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր ղեկավար Վահագն Թուխարյանը կարևորեց համացանցային անվտանգության իրազեկման բարձրացումը:

Բացի իրազեկումից անհրաժեշտ է հետևել բուն կայքերի անվտանգության որակին, ժամանակ առ ժամանակ իրականացնել ստուգումներ: Կայքերի խոցելիության խնդիրը բնորոշ է ոչ միայն Հայաստանի համար, նկատեց փորձագետը:

Ընդհանուր առմամբ, համացանցի հայակական տիրույթը լիովին պաշտպանված է, հավաստիացնում են ոլորտի մասնագետները: Հավելենք, որ այստեղ գրանցված են ավելի քան 22 հազար կայք:

Ցուցադրել ավելի
Back to top button