ԿարևորՄշակույթ

Լուրջ փորձառություն և կարևոր իրադարձություն.Մինաս եւ Նարեկ Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցադրություն`Գերմանիայում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը Գերմանայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և Մորիցբուրգ արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ 2014 թվականի փետրվարի 20-ին Մորիցբուրգի արվետի թանգարանում ներկայացրեց «Միանաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» լայնածավալ ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվել են Մինաս Ավետիսյանի 19 և որդու՝ Նարեկ Ավետիսյանի 9 ստեղծագործություններ: Միջոցառման մասին այսօր առավել մանրամասն խոսել են «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը և արվեստագետ Նարեկ Ավետիսյանը:

Ամենաբարդ թվացող խնդիրները երբեմն լուծվում են ամենապարզ ճանապահով: Ըստ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանի` սա նման դեպքերից մեկն է. Մինաս Ավետիսյանի 85-ամյակն արտերկրում նշանավորելու ցանկությամբ Գերմանայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարին հիմնադրամն ամիսներ առաջ ուղարկեց նամակ՝ առաջարկելով ՝ տեղի ժամանակակից արվեստի թանգարանի տարվա ցուցահանդեսների մեկնարկը տալ Մինաս և Նարեկ Ավետիսյան նկարիչների ցուցահանդեսով:

Դրական արձագանքից հետո պատրաստվեց եռալեզու, ընդգրկուն պատկերագիրք, որտեղ գերմանացի հայտնի արվեստաբանների վերլուծական հոդվածներն են Մինասի և նրա արվեստի մասին, ինչպես նաև արվեստագիտության թեկնածու Մարի-Քրիստին Ֆրիտչի ծավալուն հարցազրույցը Նարեկ Ավետիսյանի հետ, իսկ փետրվարի 20-ին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգ արվեստի թանգարանում բացվեց «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» լայնածավալ ցուցահանդեսը , որը Սոնա Հարությունյանը որակում է պատմական: «Ցանկալի է, որ նման ցուցահանդեսներ շատ լինեն»:

«Այս ցուցահանդեսին մտովի պատրաստվել եմ երկար տարիներ, մտածել եմ, որ հորս ՝ Մինաս Ավետիսյանի հետ կողք-կողքի ցուցադրվելու հնարավորություն երբևէ կունենամ»,-ասում է Նարեկ Ավետիսյանը: Ցուցահանդեսը նրա խոսքով և լուրջ փորձառություն էր և կարևոր իրադարձություն. «Սա ինձ համար լուրջ փորձառություն էր, իսկ գերմանացիների համար բացահայտում էր: Ցուցահադեսի միջոցով նրանք ծանոթացան Մինասի, ժամանակակից հայ արվեստի հետ»:

Գերմանացի արվեստասերին ներկայացվել են Մինաս Ավետիսյանի ստեղծագործական տարբեր փուլերի աշխատանքները, Նարեկ Ավետիսյանի 2008-2010 թվականներին ստեղծած «Ինտերֆրակտալներ» շարքը: «Մինաս Ավետիսյան և Նարեկ Ավետիսյան նկարիչների ձեռագրերում ինչպիսի նմանություններ ու տարբերություններ կան»,-«Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան Նարեկ Ավետիսյանն ասաց, «Մեզ միավորում է գունամտածողությունը, բայց ձևամտածողությամբ տարբեր ենք»: Խոսելով հայ ժամանակաից արվեստի այսօրվա վիճակի, մշակութային առավել լայն տիրույթում հայ արվեստագետների մրցունակության մասին, Նարեկ Ավետիսյանն ասաց, որ Ժամանկակից արվեստը Հայաստանում լուրջ բարեփոխումների կարիք ունենք: «Եվրոպացի արվեստասերն ուզում է տեսնել նորը, կարևոր է լինել ժամանակակից, բայց ոչ անդեմ, առանց ազգային մշակութային նստվածքի: Կրկնօրինակել այն ինչ եղել է, հետաքրքիր չէ»,-ասում է Նարեկ Ավետիսյանը: «Եթե մեղմ արտահայտվեմ, ապա կասեմ, որ մեր մշակությանի քաղաքականութնունը վերանայման կարիք ունի»,-ասում է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը: Իսկ եթե ավելի կտրուկ`«Կարող եմ ասել , որ մշակութային քաղաքականություն գոյություն չունի: Մենք այսօր ունենք միայն ֆորման, բովանդակություն չկա»:

Ցուցադրել ավելի
Back to top button