ԿարևորՔաղաքական

Եզակի քառօրյա. չորս օրվա ընթացքում Կառավարությունը չհասցրեց որեւէ նախագիծ ներկայացնել

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Քառօրյա աշխատանքների ավարտից հետո այսօր խորհրդարանականների ճեպազրույցների օրն էր: Կարեւորելով թե’ գազի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, թե’ Նաիրիտի հարցով քննարկումները, պատգամավորներն ամեն դեպքում շատ ժամանակ հատկացրին հատկապես մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին եւ քննարկումների ընթացքին: Երեկ դահլիճում տիրող թեժ մթնոլորտը որոշ դեպքերում նկատվում էր նաեւ ճեպազրույցների ժամանակ:

Խորհրդարանականների ներկայացմամբ`Աժ-ի անցած քառօրյա աշխատանքներն եզակի էին, քանի որ չորս օրվա ընթացքում Կառավարությունը չհասցրեց որեւէ մի նախագիծ ներկայացնել: Խորհրդարանն աստիճանաբար դառնում է քաղաքական ամբիոն, որից ընդդիմադիրները կարողանում են համագործակցաբար օգտվել` առաջնային համարվող խնդրի նպատակով անհրաժեշտ 44 ստորագրություն հավաքելով եւ այն արտահերթ մտցնելով օրակարգ:

Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումից, սակայն, այնքան էլ գոհ չէ հարցի հիմնական զեկուցող ՀԱԿ խմբակցությունից Գագիկ Ջհանգիրյանը: Սրտնեղում է. բովանդակային քննարկում տեղի չունեցով: Այդպես է կարծում նաեւ դանշանկությունից Աղվան Վարդանյանը:

Մարտի 1-ի հարցով նոր հանձնաժողովի ստեղծման առաջարկի քննարկումը որոշ դեպքերում սպառնում էր տարաձայնություններ մտցնել ընդդիմադիր չորս ուժերի մեջ: Նախ` մարտի 1-ի դեպքերին այսպես ասած «քրեաօլիգարխիկ տարրերի մասնակցության» հայտարարությունների մեջ կային որոշ սլաքներ եւ երկրորդը`ողբերգական դեպքերի ժամանակ այդ քաղաքական ուժերից երկուսը կոալիցիայի կազմում էին: Թե’ դաշնակցությունից Աղվան Վարդանյանը, թե’ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը հանգիստ են վերաբերվում այս փաստին:

Իշխանությունների լավատեսությանը, թե համապատասխան մարմինները գործով զբաղվում են եւ անպայման կբացահայտեն, Գագիկ Ջհանգիրյանը փիլիսոփայորեն է վերաբերվում: Իսկ մեղադրանքներին, թե իշխանությունները չունեն համարձակություն գործը բացահայտելու` Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց այսպես.«Ջանները դող է ընկել, հիմա համարձակությունից են խոսում: Ընդդիմության ներկայացրած ելույթները տանում էին դրան, որ այդ հանձնաժողովը չկայանա»: Հանրապետական պատգամավորը համոզված է, որ հարցի բացահայտումն ամենեւին կապված չէ իշխանափոխության հետ:

Գալուստ Սահակյանն, ի դեպ` այսօր այդպես էլ չհստակեցրեց, թե հանրապետականը ինչպես է քվեարկելու ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցի առնչությամբ: Ինտրիգը պահելով ասաց, որ ամեն ինչը կպարզվի մարտի 10-ին: Ինչ վերաբերում է քառօրյայում տեղի ունեցած սկանդալային միջադեպերին, ապա ԲՀԿ խմբակցության անդամները հրաժարվեցին ասել, թե ինչու Վարդան Օսկանյանը երեկ հրաժարվեց իր ելույթից եւ ինչու չցանկացավ պատասխանել իր հասցեին հնչած մեղադրանքներին: Ինչ վերաբերում է Հովհաննես Մարգարյան-Ալեքսանդր Արզումանյան վիճաբանությանը, ապա օրինացերկրական պատգամավորը այսօր բացատրեց, թե ինչու էր տեղից խանգարում ընդդիմադիր պատգամավորի ելույթին:

Ցուցադրել ավելի
Back to top button