ԿարևորՀասարակություն

Բողոքի ակցիա առողջապահության նախարարության դիմաց. որոշումը մասնակի կասեցվել է

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Չենք վճարի հիմա, չենք վճարի երբեք, ձեռքներդ հեռո՛ւ հղիների գրպաններից» նախաձեռնության մի շարք քաղաքացիներ Առողջապահության նախարարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա են կազմակերպել: Նախաձեռնության անդամենրի նպատակն էր  ոլորտի պատասխանատուներին ցույց տալ քաղաքացիների դժգոհությունը սույն որոշման վերաբերյալ և պահանջելու կասեցնել այն: Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունել Առողջապահության փոխնախարարն ու աշխատակազմի ղեկավարը: Փոխնախարար Վահան Պողոսյանը հայտարարել է, որ որոշումն արդեն իսկ կասեցվել է, սակայն պատասխանը նախաձեռնության անդամենրին այնքան էլ չի գոհացրել: Նրանք վստահ չեն, մի օր նորից չեն կանգնի այդ խնդրի առաջ:

 «Չենք վճարի հիմա, չենք վճարի երբեք, ձեռքներդ հեռո՛ւ հղիների գրպաններից» նախաձեռնության անդամներն այսօր հավաքվելով Առողջապահության նախարարության շենքի դիմաց պահանջում էին չեղյալ համարել կառավարության որոշումը, որով մարտի 1-ից Երևանի պոլիկլինիկաներում ամբուլատոր ծառայությունների մի մասը պիտի դառնար վճարովի` համավճարի սկզբունքով: Ըստ նոր կարգի, վճարովի էին դառնալու նաև հղիներին մատուցվող ծառայությունները: Ակցիայի մասնակից Էլվիրա Մելիքսեթյանը կարծում է, որ առանց այն էլ ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունեցող երկրում նման ծրագիր մտցնելը պարզապես անթույլատրելի է:

Ակցիայի մեկնարկից ընդամենը րոպեներ անց նախաձեռնության մասնակիցներին ընդունեցին Առողջապահության փոխնախարարն ու աշխատակազմի ղեկավարը: Փոխնախարար Վահան Պողոսյանը ներկաներին հայտնեց, որ տվյալ որոշումն արդեն իսկ կասեցվել է:

Այսպիսով` հղիների մասով լիովին հանվել է, իսկ գործիքային-լաբորատոր հետազոտությունների համար համավճարների ներդրումը հետաձգվում է մինչև  2014թ. հուլիսի 1-ը, հայտարարեց աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Նախարարության աշխատակիցների հետ հարց ու պատասխանից հետո ակցիայի մասնակիցները լքեցին նախարարության շենքը, բայց ինչպես պարզվեց, նրանց այնքան էլ չէր գոհացրել նախարարության պատասխանը:

Այսպիսով` ակցիայի մասնակիցները չեն վստահում նախարարությանը և չեն բացառում, որ հետագայում որոշումը կարող է նորից դրվել  կիրառության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button