ԿարևորՀասարակություն

Այս կիրակի հայ առաքելական եկեղեցին կնշի Բուն բարեկենդանի տոնը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այս կիրակի հայ առաքելական եկեղեցին կնշի Բուն բարեկենդանի տոնը, որը կենդանական ծագում ունեցող սնունդ ուտելու վերջին օրն է, քանի որ մարտի երկուսի երեկոյան ժամը 5-ից սկսվում է ՄԵծ պահքը, որը, մարդը պահելով, անցնում է հոգևոր մեծ ճանապարհ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: Մեծ պահքը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության` Զատկի տոնը: Այս տարի հայ առաքելական եկեղեցին Բուն բարեկենդանը նշելու է յուրովի տոնախմբություններով: 

Այս տարի Մեծ Պահքը սկսվում է մարտի 2-ի երեկոյան ժամերգությունից հետո: Մեծ պահքի նախընթաց օրը Բուն Բարեկենդանն է: Այս տարի Արարատյան հայրապետական թեմը տոնը կնշի յուրովի` դիմակներով, և մայրաքաղաքում տեղադրված հայկական տարազներով կնոջ և տղամարդու պաստառներով, որտեղ քաղաքացիները կարող են լուսանկարվել և այն տեղադրել qahana. am կայքում` հետագայում մրցույթին մասնակցելու համար, տեղեկացրեց Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:

«Ամեն ինչ է արվում, որպեսզի տոնը մարդկանց մոտ դիտարկվի ոչ միայն հոգևոր, այլ նաև ժողովրդական, գեղեցիկ, ուրախության օր, երբ որ հիշատակվում է դրախտը, երբ որ հիշատակվում է այն ուրախությունը, որ մարդն ունեցել է դրախտում Աստծո ներկայության մեջ»:

Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, ինչն էլ դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Տոնը նաև դրախտային կյանքի օրինակն է: Այնտեղ էր մարդուն արտոնված ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, ինչն էլ պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանի օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության:

Արարտյան հայրապետական թեմը փորձել է այս տարի վերականգնել այդ բարի ավանդույթը և մարտի 2-ին կազմակերպում է տոնին նվիրված մեծ տոնախմբություն, որտեղ կլինեն դիմակավորված մարդիկ, երգ ու պար, ձիասպորտի ցուցադրական ելույթներ և մրցույթներ: Տոնախմբությանը Տեր Շմավոնը խորհուրդ տվեց ներկայանալ դիմակներով, քանի որ հայտարարվելու է լավագույն դիմակի մրցույթ: Մուտքն ազատ է:

Այս տոնը սիրված է նաև այլ երկրներում, մասնավորապես արևմտյան քրիստոնյաների շրջանում այն հայտնի է կառնավալ անվամբ: Ռուսներն ու ուկրաինացիներն այն անվանում են «մասլենիցա», գերմանացիները` « ֆաստնախտ»:
Բուն բարեկենդանի երեկոյան ժամերգությունից հետո անմիջապես փակվում է խորանի վարագույրը: Իսկ Մեծ պահքի հաջորդ շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ և ընդգրկում Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), վերջին ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, մահը թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Սուրբ Զատիկը:

Ցուցադրել ավելի
Back to top button