ԿարևորՀասարակություն

Հայաստանի որոշ բուժհաստատություններ կանանց միամսյակի շրջանակներում անվճար հետազոտություն կանցկացնեն

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Կանանց միամսյակի շրջանակներում առողջապահության նախարարությունը պատրաստել է անակնկալ: Նախարարության ներկայացուցիչներն այսօր հայտարարել են, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային մի շարք բուժհաստատություններում կիրականացվեն կանաց մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական անվճար հետազոտություն ու խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բուժում ու վիրահատություն:

Գաղտնիք չէ, որ մոր և մանկան առողջության պահպանումն առողջ հասարակության և վերարտադրողականության կարևորագույն նախադրյալներից է: Միևնույն ժամանակ , առողջ մայրությունը առողջ մանկության և առողջ ընտանիքի գրավականն է: Առջևում կանանց միամսյակն է, և ՀՀ առողջապահության նախարարությունը, կարևորելով կանաց առողջությունը, մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը հայտարարում է կանանց առողջության պահպանման միամսյակ:
Նախարարի հրամանով ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային մի շարք բուժհաստատություններում կիրականացվեն կանաց մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական անվճար հետազոտություն ու խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բուժում ու վիրահատություն, այսօր հայտարարեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:

«Ըստ հրամանի մենք ժամանակացույց ենք սահմանել և նկարագրել ենք բոլոր այն տեղերը, որտեղ կարող են այցելել կանայք: Դրանք ոչ թե մարզկենտրոններ են, այլ մարզի տարածքում գտնվող բոլոր քաղաքները: Գյուղի բնակչությունը պետք է գա քաղաք, որտեղ կենթարկվեն լաբորատոր և գործիքային բուժհետազոտության, ինչը որ գյուղերում չկա: Մարզային այդ քաղաքի բուժհիմնարկներ կայցելեն Երևանի առաջատար կլինիկաների մասնագետները, որպեսզի մենք կարողանանք ավելի բարձր որակի հետազոտություններ և բուժօգնությւոն իրականացնենք»:

Նախարարությունն այս նախաձեռնությամբ փորձում է ևս մեկ անգամ կանանց ուշադրությունը կենտրոնացնել սեփական առողջության վրա, քանի որ յուրաքանչյուր կին պետք է տարին առնվազն մեկ անգամ դիմի բժշկական հետազոտման: Նախարարության այս քայլը միտված է նաև այս մշակույթի ձևավորմանը, նշեց Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

«Առանձին կարևորվել է Երևանում աշխատանքների կազմակերպումը: Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության հետ համատեղ մենք երեկ վերջնական տեսքի բերեցինք մեր անելիքները: Ցանկն արդեն հաստատված է: Կլինեն գրեթե բոլոր պոլիկլինիկաներում բաց դռների օրեր և նրանց կցված կլինեն աջակցող կզմակերպություններ: Կցված են լինելու նաև Երևան քաղաքի համար նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող մի քանի հաստատություներ, որոնք կտրամադրեն նաև այլ պրոֆիլի բժշկական օգնություն: Հիմնական ուղղություններն են ակնաբուժություն, նյարդաբանություն, սրտաբանություն»:

Հատկանշական է, որ վերջին տարիներին մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում կան ակնհայտ ձեռքբերումներ, որոնք դրսևորվում են մայրական և մանկական մահացության ու հիվանդացության ցուցանիշերի աննախադեպ իջեցմամբ: Նախարարության ներկայաուցիչները կարծում են, որ նման լայնամասշտաբ միջոցառումը հանրությանը ևս մեկ անգամ կհիշեցնի, որ ազգի բարեկեցության հիմքը մայրերի առողջությունն է: Փոխնախարարի տեղեկացմամբ` նմանատիպ հաջորդ միջոցառումը նախատեսվում է մայիսի 9-ին: Այս անգամ անվճար բուժօգնությունը վերաբերելու է ազատամարտիկներին և ընդհանրապես պատերազմի մասնակիցներին:

Ցուցադրել ավելի
Back to top button