Տնտեսական

Հայաստանում կստեղծվի ոսկեգործության բնագավառի ազատ տնտեսական գոտի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության որոշմամբ «ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» ընկերության տարածքում կստեղծվի մասնագիտացված` ոսկեգործության բնագավառի ազատ տնտեսական գոտի, որի կազմակերպիչ ճանաչվել է նշված ընկերությունը: Ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով խթանել արտահանման ծավալների աճը, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը:

«ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ տարածքում ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը կնպաստի Հայաստանում ներդրումների և ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավմանը, տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը: Որոշման նպատակն է նախաձեռնել ոսկերչական, ակնագործական և ժամագործական ընկերությունների եզակի արդյունաբերական քլասթերի ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում, որը նախատեսվում է իրագործել մասնագիտացված ազատ տնտեսական գոտու հիմնման միջոցով:

Պլանավորվում է ԱՏԳ-ում առաջին երեք տարիների ընթացքում ներգրավել մոտ 120-150 ընկերություններ, որոնք կստեղծեն շուրջ 2 հազար նոր աշխատատեղեր և կապահովեն տարեկան շուրջ 200-250 մլն դոլարի արտադրանքի արտահանում: Մինչ 2015 թվականը տարածքի ձեռքբերման, հիմնանորոգման և գործարկման համար պահանջվող ներդրումները գնահատվել են 10.97 մլն դոլար, որից մոտ 6 միլիոնը պլանավորվում է ֆինանսավորել վարկի, իսկ մնացած մասը՝ ԱՏԳ կազմակերպչի սեփական միջոցների հաշվին:

 

Նախատեսվում է, որ ԱՏԳ-ն կսկսի փուլային գործունեություն իրականացնել 2014 թ.-ից և լիովին կգործարկվի մինչև 2015 թ. վերջ: ԱՏԳ գործունեության համար նախատեսվում է հատկացնել մոտ 32,400 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածք, որից մոտ 12,750 ք.մ.-ը՝ արտադրական նպատակների համար: ԱՏԳ-ն գտնվելու է Երևանի կենտրոնում, նախկին «Ավիահամալիր» գործարանի տարածքում:

Ցուցադրել ավելի
Back to top button