ԿարևորՔաղաքական

Վերլուծաբան.«Ընդդիմություն-իշխանություն կոնֆլիկտը վերաճեց Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ մրցակցության»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները զուտ ընդդիմության եւ իշխանության միջեւ կոնֆլիկտից վերաճել են` դառնալով Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ մրցակցության: Այս կարծիքին է տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ վերլուծաբանի` տեղի ունեցածը իրականում կարող է փրկել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրերը եւ Վրաստանն ու Մոլդովան այլեւս մեկուսացված ու միայնակ չեն լինի: Վերլուծաբանը խոսել է նաեւ ուկրաինական իրադարձությունների այլ ազդեցությունների մասին: Ուկրաինական իրադարձություններին այսօրվա ասուլիսում անդրադարձել է նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ Ուկրաինայում հարցը բավականին լավ էր դրված եւ այնտեղ ժամանակներն այլ էին: Հայրիկյանի գնահատմամբ` հայաստանյան քաղաքական ուժերը ստրկացված են, իսկ քաղաքացիական նախաձեռնությունները` դեռեւս խակ, քանի որ չեն հասկանում, որ քաղաքացիական նախաձեռնություններով քաղաքական նպատակների հասնել չի լինի: Ամեն դեպքում, Հայրիկյանի փոխանցմամբ, ԱԻՄ-ը անմասն չի մնա որեւէ նախաձեռնությունից:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Ուկրաինայի զարգացումները նոր էներգիա կներարկեն ԵՄ Արեւելյան գործընկերության մեջ: «Մենք տեսանք, որ ընդդիմության եւ ցուցարարների հաղթանակն Ուկրաինայում իրական եվրոպական արժեքների պաշտպանության հաղթանակն էր», ասաց վերլուծաբանը: Ըստ նրա`տեղի ունեցածի արդյունքում կփոփոխվի նաեւ Ուկրաինայի ռազմավարական նշանակությունը, Եվրոպական միությունը եւ Ուկրաինան ավելի կարեւր կդառնան, քան նախկինում: Մինչդեռ, վերլուծաբանի գնահատմամբ, իրադարձություններից զգալի բացասական ազդեցություն կա Ռուսաստանի համար: Մասնավորապես` ընդգծվեց Ռուսական ազդեցության սահմանները, բացի այդ` Ռուսաստանը կորցրեց Ուկրաինային որպես ՄՄ-ի կամ Եվրասիական միության պոտենցիալ անդամի: Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` անձնապես վատ վիճակի մեջ հայտնվեց Պուտինը: Կիրակոսյանը կարծում է, որ Ուկրաինան ցույց տվեց նախկին խորհրդային երկրներին, որ նրանք էլ կարող են ոչ ասել Մոսկվային:

Ապագա ժողովրդավարական Ուկրաինան կարող է վտանգել ռուսական շահերը եւ հարվածել Պուտինի դիրքերին` կարծում է վերլուծաբանը: Միակ դրականը, որ Ռուսաստանը ստանում է, ըստ բանախոսի, այն է, որ ի դեմս Յանուկովիչի Ռուսաստանը կորցրեց Ուկրաինայի մի առաջնորդի, որին երբեք չի վստահել ու համակրել: Նոր Ուկրաինան էլ պիտի հաղթահարի մի շարք դժվարություններ` սկսած պառակտման վտանգից, մինչեւ տնտեսական խնդիրներ: Միաժամանակ, վերլուծաբանն ասաց, թե չի կարծում, որ Ուկրաինան կբաժանվի եւ այն գինը, որ նա կվճարի, ըստ նրա, ավելի շատ լինելու է տնտեսական ճնշումների տեսքով:

Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ Հայաստանը շատ է տարբերվում Ուկրաինայից` թեպետ շատ նմանություններ էլ կան: Նա կարծում է, որ ուկրաինական իրադարձություններից դասեր ունի քաղելու ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը: Ուկրաինան բացահայտեց, թե որքան վտանգավոր է փողոցի ուժը հաշվի չառնելն ու ուժի կիրառման գերագնահատելը` շեշտեց բանախոսը: Նրա կարծիքով` Հայաստանի իշխանությունը մեկ դաս էլ պիտի քաղի ուկրաինական իրադարձություններից` հասկանալով, թե որքան վտանգավոր է փոփոխության հասարակական պահանջներն ու բարեփոխումների սպասելիքներն անտեսելը:

Ցուցադրել ավելի
Back to top button