ԿարևորՀասարակություն

Սումգայիթի ճանաչման և դատապարտման փաստը կարող է դառնալ արցախյան խնդրի լուծման բանալին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Սումգայիթի ճանաչման և դատապարտման փաստը կարող է դառնալ արցախյան խնդրի լուծաման բանալին, որովհետև սումգայիթներ իրականացրած պետությունն Արցախի և որևէ այլ պետության հանդեպ հավակնություններ ունենալ չի կարող՝ ոչ իրավական տեսանկյունից, ոչ՝ բարոյական»,-այսօր նման տեսակետ է հայտնել Սումգայիթի զոհերի հարազատների վստահված անձ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը: Սումգայիթյան ողբերգության տարելիցի առիթով թեմային այսօր անդրադարձել է նաև «Շուշի»բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը, ով հանրությանն է ներկայացրել իր նոր՝ «Սումգայիթյան օրագիր» գիրքը:

Ամենաիսկական ցեղասպանություն, որը համապատասխանում է միջազգային կոնվենցիայի բոլոր դրույթներին: Սումգայիթյան ջարդերը կազմակերպված և պլանավորված էին Ադրբեջանի կենտկոմի ու մոսկովյան էլիտայի կողմից: Սումգայիթի զոհերի հարազատների վստահված անձ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը սույնը պնդում է՝ վկայակոչելով տեղեկատվական այն հսկայական նյութը, որը ժամանակին ամփոփվել էր նրա համահեղինակությամբ լույս տեսած «Сумгаит…Геноцид…Гласность…» գրքում: Տևական ուսումնասիրությունների և հավաքագրված փաստերի հիման վրա Ուլուբաբյանը պնդում է, որ Սումագյաիթյան ջարդերը տևել են չորս օր՝ փետրվարի 26-29-ը, իսկ զոհերի թիվը ոչ թե 26-ն է, ինչպես ներկայացվում էր անգամ մեր դասագրքերում, այլ հարյուրը:

Ոճրագործությունից 26 տարի անց հրապարակախոսը նշում է, որ չի հասկանում Հայաստանի նախկին ու ներկա իշխանություների պահվածքը: «Միջազգային դատարան դիմելու փոխարեն շարունակում ենք բավարարվել 88-ի հունիսի 15-ի որոշմամբ»,-ասում է Հրայր Ուլուբաբյանը: Հիշեցնենք Հայաստանի գերագույն խորհուրդն այն ժամանակ ընդունեց որոշում առ այն, որ դատապարտում է Սումգայիթում հայերի հանդեպ իրականացրած ոճրագործությունը:

1989-ին խորհրդային բանտից ազատ արձակվելուց հոտ «Ղարաբաղ» կոմիտոի անդամները սումգայիթյան դեպքերը որպես ցեղասպանութուն ճանաչելու խնդիրը կրկին բարձրացրել էին գերագույն խորհրդում, սակայն այն ինչ տեղի է ունեցել այնտեղ Ուլուբաբյանն առ այսօր հանելուկ է համարում .«Սուրեն Հարությանյանը ընդմիջում խնդրեց ու փակ նիստի ժամանակ որոշել էին Սումգայիթի հարցը փակել: Զարմանալին այն էր, որ այդ տեսակետը պաշտպանեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Ես մինչև հիմա էլ Տեր — Պետրոսյանից սպասում եմ այդ հարցի պատասխանը»:

«Սումգայիթն իրականացվեց մոսկովյան բարձրագույն իշխանության համաձայնությամբ և մասնակցությամբ»,-այս տեսակետը պնդում է նաև «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը: Մարդ, որ ջարդերից ուղիղ մեկ ամիս անց մեկնել է Սումգայիթ, եղել է ջարդի ենթարկված հայերի ընտանիքներում, տեսագրել ականատեսների պատմածները: հեռուստալրագրող և արձակագիր Կարապետյանն անգամ ջարդերի կազմակերպիչների գլխավոր որջում՝ կոմկուսի Սումգայիթի քաղաքային կոմիտեում զրուցել է քաղկոմի երկրորդ քարտուղարի ու Բաքվի ներկայացուցչի հոտ: Արդյունքում ծնվել Կարապետյանի «Սումգայիթյան ալիքներ» 54 րոպեանոց տեսաֆիլմը:
Իսկ այսօր նա ներկայացրեց 2013-ին լույս տեսած իր գիրքը՝ «Սումգայիթյան օրագիր»:

Հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանի համոզմամբ` Սումգայիթի ճանաչման և դատապարտման փաստը կարող է դառնալ արցախյան խնդրի լուծման բանալին, որովհետև սումգայիթներ իրականացրած պետությունն Արցախի և որևէ այլ պետության հանդեպ հավակնություններ ունենալ չի կարող՝ ոչ իրավական տեսանկյունից, ոչ՝ բարոյական:

Ցուցադրել ավելի
Back to top button