Հասարակություն

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

Այսօր կայացել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի հանդիպումը:

Զրուցակիցները ջերմությամբ են վերհիշել անցյալ տարվա մարտին Աթենքում ունեցած հանդիպումը և գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված է սերտ համագործակցություն, միջխորհրդարանական բարեկամության խմբերն ակտիվ գործունեություն են ծավալում, ինչը մեծապես նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը:

Հունաստանի խորհրդարանի ղեկավարն ու Հայաստանի արտգործնախարարը նշել են միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության սերտացման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը քննարկվել են հայ-հունական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված փոխգործակցությունը։

Եվրոպական Միությունում Հունաստանի նախագահության համատեքստում անդրադարձ է արվել Հայաստան — Եվրոմիություն համագործակցությանը։

Կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջերս արձանագրված առաջընթացի համատեքստում Էվանգելոս Մեյմարակիսը ներկայացրել է հիմնահարցի վերաբերյալ Հունաստանի մոտեցումները։ Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանն ու Էվանգելոս Մեյմարակիսը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button