ԿարևորՏնտեսական

ԱԺ նախագահ.««Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով կստեղվի, բայց ոչ հիմա»

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր խորհրդարանի ամբիոնից չորս տասնյակից ավելի անգամ հնչեց «քաղաքական շահարկում» բառակապակցությունը: Այդպիսի մթնոլորտում անցավ «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Դաշնակցության նախաձեռնությունը: Խորհրդարանի ներսում քննարկումներին զուգահեռ Աժ-ի շենքի մոտ հավաքվել էին «Նաիրիտ»-ի աշխատողները, որոնց պահանջները անփոփոխ էին` գործարանի վերագործարկում եւ աշխատավարձերի վճարում: Ի դեպ` շուրջ 2 ու կես հազար ախատողների մասով կուտակված աշխատավարձերի պարտքը արդեն հասնում է 12 միլիոն դոլարի: Գործարանի ընդհանուր պարտքը` տարբեր գնահատականներով, մոտավորապես 150-ից 450 միլիոն դոլարի սահմաններում է: Այս ամենը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը` հիմնավորալեով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը:

Ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանի համար, օրինակ` այսպես ասած, «մութ» է մնացել գործարանի վաճառքի գինը` 40 միլիոն դոլար: Խորհրդարանի ամբիոնից ընդդիմադիրներն այսօր շատ մեղադրանքներ հնչեցրին վարչապետի եւ նրա եղբոր առնչությամբ: Խորհրդարանական մեծամասնությունը պնդում էր, որ հանձնաժողովը դեռ չստեղծած քաղաքական շահարկումներ են սկսվել:

Ընդդիմադիրներին խորհուրդ տվեց հրաժարվել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարից Վարդան Այվազյանը: Իսկ Արտաշես Գեղամյանը ուղիղ ակնարկով առաջարկեց ուսումնասիրությունները սկսել 1990 թվականից: Ակնարկն իր վրա վերցրեց Հրանտ Բագրատյանը եւ հիշեցրեց. ՀՀՇ-ի վարչությունը «Նաիրիտ»-ը փակելու որոշում չի ընդունել, իսկ գործարանի վերագործակողներից մեկն էլ ինքն է եղել: Հարցի առնչությամբ որպես Կառավարության ներկայացուցիչ հանդես էր գալիս Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

«Սիրողական մակարդակի». Այսպես բնորոշեց ընդդիմադիրների վերլուծությունները էներգետիկայի նախարարը` հիշեցնելով, որ այսօր «Նաիրիտ»-ի շուրջ բանակցությունները ընթանում են ռուսական մի ընկերության հետ, որը պատրաստ է այստեղ նեդնել 500 միլիոն դոլար:

Աժ-ի նախագահը նշեց, որ իշխանությունը սկզբունքորեն դեմ չէ «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով ստեղծելուն: Պարզապես հիմա ժամանակը չէ: Խոստացավ նաեւ, որ մի օր կստեղծվի: Իսկ հարցի առնչությամբ քվեարկությունը, որը արդեն ձեւական բնույթի է, քանի որ արդյունքը արդեն պարզ է, կկազմակերպվի վաղը:

Ցուցադրել ավելի
Back to top button