ԿարևորՔաղաքական

ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրել է նախորդ տարվա եռամսյակային հաշվետվությունը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատվական խորհրդի 15-րդ նիստը: Նիստը համանախագահել են ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը եւ ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան: ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրել է 2013 թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների եռամսյակային հաշվետվությունը, կարիքների գնահատման վերանայված փաստաթուղն ու 2014 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածի աշխատանքային ծրագիրը: Տրայան Հրիստեան իր խոսքում շեշտել է, որ ԵՄ-ն հանձնառու է շարունակելու իր աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսքով` տարիների ընթացքում արդյունավետ համագործակցություն է կայացել եւ կան բոլոր հիմքերը աշխատանքները հետագայում շարունակելու համար: Նա տեղեկացրեց, որ քննարկվելու է Հայաստան-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը, որը ներառում է երկրի պետական եւ հանրային կյանքի բոլոր ոլորտներում 160 ուղղություններով բարեփոխումների շարունակություն: Եվրոպացի գործընկերների խորհրդատվությամբ հնարավոր է դարձել հաջողված փաստաթուղթ ունենալը` վստահեցրեց ԱԽ քարտուղարը:

«Սա շատ լավ հիմք է նաեւ հետագայում աշխատելու Հայաստան-ԵՄ համագործակցության նոր փաստաթղթի վրա: Մենք կարծում ենք, որ մինչեւ դեկտեմբերյան խորհրդի նիստը կարող ենք պատրաստել այդ թաստաթուղթը եւ ձեւավորել մեր օրակարգը»:

Հայաստանը դիմել է եվրոպային` շարունակելու խորհրդատվական խմբի առաքելությունը, քանի որ տարբեր ոլորտներում խորհրդատուների ներգրավվածությունը հնարավորություն է տալիս առավել ճիշտ ընթացքով առաջ գնալ` ձեւակերպեց Արթուր Բաղդասարյանը:

ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Տրայան Հրիստեան ասաց, որ տվյալ պահից նոր փուլ են մուտք գործում, քանի որ ծրագրի աստիճանական փակման փուլն է մոտենում: Նրա խոսքով` խորհրդատվական ծրագրի շրջանակներում տրամադրված աջակցությունն առավել արդյունավետ կարող է լինել հիմա, քան անցյալում էր: Դեսպան Հրիստեան միաժամանակ հավելեց, որ հաշվի առնելով ծրագրի դրական ընթացքն ու միտումները եւ այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ կլինի ծրագրի փակման համար` ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը խնդրել է ԵՄ պատվիրակությանը կարճաժամկետ երկարացնել ծրագրի գործողության ժամկետը: Դեսպանի խոսքով` այս պահին ուսումնասիրում են խնդրանքը եւ հակված են դրական պատասխան տալու:

«ԵՄ ֆինանսավորած բոլոր ծրագրերը, ինչպես նաեւ այս ծրագիրը սահմանափակ են ժամանակով, բայց, բնական է, որ ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակվելու է: Մենք ակնկալում ենք Հայաստանի հետ համագործակցության շարունակություն բոլոր համապատասխան ոլորռտներում եւ այս պահին քննարկում ենք համապատասխան մարմինների հետ ծրագրի այն ուղղությունները, որոնք թույլ կտան համատեղ աշխատանքներ իրականացնելու»,-շեշտեց ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպանը:

Իր հերթին Արթուր Բաղդասարյանը վստահեցրել է, որ բոլոր պայմանավորվածությունները հստակ ընթացքով շարունակվում են:

Ցուցադրել ավելի
Back to top button