Հասարակություն

«Բագարան»-ի կառուցմամբ կլուծվի Հայաստանի շրջափակման խդնիրը, կարծում է քաղաքագետը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Փախստականների նախագահության անդամ Մարիամ Ավագյանի նախաձեռնությամբ այսօր կայացել է կլոր սեղան, որի ժամանակ բարձրացվել և քննարկվել են Ադրբեջանից հայ փախստականների վերաբերյալ մի շարք խնդիրներ: Ադրբեջանից հայ փախստականների ներկայացուցիչների համագումարի նախագահության անդամները Սումգաիթի ողբերգության տարելիցի նախաշեմին բարձրացրել են նաև Զանգելանի տարածքում «Բագարան» անունով 100.000 բնակչի համար քաղաք հիմնելու խնդիրը: Նրանք նաև հայտնել են, որ նախնական նախագիծն արդեն պատրաստ է և, որ ֆինանսական խնդիրներ չեն կարող լինել: Սակայն ինչպես նկատել են քննարկման մասնակիցները հայ փախստականների իրավունքների շուրջ քննարկումները, որոնք տեւել են ավելի քան երեք տարի, այդպես էլ լիարժեք պետական աջակցության չեն արժանացել:

Դեռ 2011 թվականին է Ադրբեջանի հայ փախստականների համագումարն ընդունել հայ փախստականների իրավունքների վերականգնման մասին հռչակագիրը, որով նրանք իրավունք են ստացել իրենց հայրենիքի ցանկացած մասում կառուցել քաղաք: Նույն թվականից էլ ձեռնամուխ են եղել այդ քաղաքի ստեղծմանը ԼՂՀ վերահսկողության ներքո գտնվող ազատագրված տարածքում: Քաղաքի շինարարության համար տարածք է ընտրվել Հագարի գետի շրջակա տարածքը, նախատեսվում է ստեղծել Բագարան-Քարվաճառ-Տիգրանակերտ տնտեսական գոտին: Քաղաքի պայմանական անունն ընտրվել է Բագարանը:

Փախստականների նախագահության անդամ Մարիամ Ավագյանի տեղեկացմամբ`շինրարությունը ֆինանսավորելու են հենց իրենք, քանի որ ադրբեջանահայերի շրջանում բազմաթիվ հարուստ մարդիկ կան: Տարածքի ընտրությունն ի դեպ պատահական չի կատարվել: Այն կնպաստի նաև Հայաստանի ապաշրջափակմանը, ինչն էլ իր հերթին կլուծի շատ այլ խնդիրներ ևս, նկատեց Արատտա երիտասարդական ակումբի անդամ, քաղաքագետ Հովիկ Վերանյանը:

Քաղաքն ունենալու է նաև գիտակրթական և մշակութային լուրջ նշանակություն, նշեց Արատտա երիտասարդական ակումբի անդամ, միջազգայնագետ Աստղիկ Գևորգյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե որքան կարժենա այդ քաղաքը: Քաղաքի շինարարությունը կարժենա նույնքան, որքան Հյուսիսային պողոտայի կառուցումը, նշեց Մարիամ Ավագյանը: Այսպիսով` նախագիծը պատրաստ է և սպասում է ԼՂՀ իշխանությունների հաստատմանը, ինչը դեռևս չկա: Հողահատկացման խնդրանքն անպատասխան է մնացել դեռևս անցյալ տարվա մայիսից:

Ցուցադրել ավելի
Back to top button