Քաղաքական

Քննարկվել է հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես Սոչիում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Տ.Սարգսյանը ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից նախ շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը՝ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու, և ռուս մարզիկների արձանագրած հաջողությունների ու պատմական ռեկորդ սահմանելու կապակցությամբ: «Օլիմպիական խաղերը մեծ տոն էին և բոլորս հիանում էինք այդ փայլուն սպորտային միջոցառմամբ, տիրում էր հիանալի մթնոլորտ»,- նշել Տիգրան Սարգսյանը:

«Հարգելի Տիգրան Սուրենի, ողջունում եմ Ձեզ Սոչիում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ ժամանել եք օլիմպիական խաղերի փակմանը: Ձեր երկրի նախագահը ներկա էր խաղերի բացմանը: Սա նաև մեր բարեկամության և գործընկերության խորհրդանիշ է: Այսօր նման աշխատանքային հանդիպման ընթացքում հնարավորություն ունենք անդրադառնալ ռուս-հայկական համագործակցությանը, դիտարկել, թե ինչպես են ընթանում աշխատանքները Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության հետագա զարգացման ուղղությամբ»,- նշել է Դմիտրի Մեդվեդևը:

Այնուհետև, երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական և  ենթակառուցվածնքների բնագավառների համատեղ ծրագրերը:

Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ռուսական ընկերությունները կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության մեջ: «Հայաստանում գործում են հազարից ավելի ռուսական կապիտալով ընկերություններ: Ներդրումների ծավալով Ռուսաստանը մեր երկրում զբաղեցնում է առաջին տեղը: Հույս ունենք, որ առաջիկայում ևս այդ ներդրումները կշարունակվեն մեր երկրի տարբեր ոլորտներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրաշրջանառության աճող ծավալների մակարդակից և վստահություն հայտնել, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալուց հետո:

Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը բարձր են գնահատել նաև Հայաստանի կողմից ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը: ՌԴ վարչապետը նշել է, որ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությունը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են   հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, դրա անվտանգության մակարդակի բարձրացմանը և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերվում են արդյունաբերական և հումանիտար համագործակցությանը:

Փետրվարի 23-ին Դմիտրի Մեդվեդևի հրավերով Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել նաև ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը: Դրա շրջանակներում ՀՀ վարչապետը կարճատև զրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button